.jpg)
Նախագահի թեկնածու. Բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն
«Ուրախ եմ այստեղ լինելու համար, որտեղ կքննարկենք առաջիկա հինգ տարիների ծրագրերը»,- այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Գորիսի դրամատիկական թատրոնում հավաքված մարդկանց առջև:
Խոսելով ապահով Հայաստանի մասին` Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր պատկերացումները, որոնք նախագահի թեկնածուի խոսքով, քիչ են տարբերվում հանրության պատկերացումներից. «Բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, որակյալ կրթություն և առողջապահություն: Այս ամենի ամբողջականությունն է, որ կոչվում է ապահով Հայաստանը: Իսկ դրանցից մեկի պակասը կամ թերացումը մեր կայնքը դարձնում է անապահով»,- ասաց թեկնածուն` հավելելով, որ իր առաջարկած ծրագրի հիմնական արժանիքը բազմակողմանիությունն է:
Անցյալ տարի, նախագահի թեկնածուի խոսքով, ինչ-որ խնդիրներ լուծվել են, իսկ ամեն բանի գնահատականը լինում է համեմատության մեջ:
«Մենք շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների հիմնումը և վերազինումը, ապահովելու ենք կրթությունը սոցիալապես անապահով խավերի համար, մարզերում կառուցվելու են նոր մանկապարտեզներ, արդիականացվելու են դպրոցները, աշխատատեղեր են ստեղծվելու, ավելանալու են սպասարկման ծառայությունները»,- ներկայացնելով իր առաջիկա անելիքներն` ասաց Ս. Սարգսյանը: