Պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը
22/01/2013 20:34

Պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Կենդանաբանական այգու մի քանի աշխատակիցներ բաց նամակ են ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Մարգարյան.

2011 թ. նոյեմբերին, երբ ընտրվեցիք Երևանի քաղաքապետ մեծ հույս ունեինք, որ կենդանաբանական այգու շուրջ կուտակված խնդիրներն ի վերջո լուծում կստանան:

Սակայն այդպես էլ առ այսօր այդ խնդիրները առկա են ու դեռ ավելին` օր օրի շարունակում են ավելանալ: Նման համոզման ենք հանգել այս ամիսների ընթացքում ապարդյուն սպասողական և հույսի մարման արդյունքում: Հասկանալի է նամակի անհատական ստորագրությունների բացակայությունը, քանի որ նախկին քաղաքապետին ուղղված շուրջ 40 անհատական ստորագրությունները փոխանցվեցին «երաժիշտ-ռեժիսոր-քանդակագործ» և ամենակարևորը ստախոս տնօրենին, որի հետևանքով այսօր գրեթե բոլորը ազատված են աշխատանքից:

Այգին թևակոխել է զարգացման նոր փուլ. ամայացվում են տարածքներ` հետագայում օտարելու նպատակով, կենդանիներին սովի են մատնել` սատկացնելու նպատակով, աշխատակիցներին միմյանց դեմ են տրամադրում` քայքայելով կոլեկտիվը` ստիպողաբար ստորագրել են տալիս գրություններ, որոնք վարկաբեկում են մեկը մյուսին, կեղծ տեղեկատվություն են տարածում այգում նոր կենդանիների համալրման վերաբերյալ` ընձուղտներ, փղեր, և այլն, թաքցնելով տգիտության և անտերության մատնելու հետևանքով կենդանիների անկումները:

1. Մեծ վտանգի տակ է հայտնվել կենդանաբանական այգու աշտարակ շինությունը, դիտավորյալ կոտրել են դռներն ու ապակիները և մատնել անտերության` հույս ունենալով այն բերել ավերակ վիճակի և օտարել ներքևից վեր խոյացող «XXX» ռեստորանային համալիրին: Բայց չէ՞ որ այս աշտարակը պատմամշակութային արժեք է, կենդանաբանական այգու սիմվոլներից է, և այն պետք է պահպանվի պետության կողմից:

2. Կենդանիները մատնվել են սովի. աշխարհում, առավել ևս Երևանի կենդանաբանական այգում, չլսված երևույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: Այժմ սատկած կենդանու մաշկը պահպանվում է մաշկամշակի մոտ, իսկ միսը` սառնարանում: Վերջինս որպես կեր տրամադրվում է գիշատիչ թռչուններին, ինչը հակացուցված է միջազգային կենդանաբանական այգիների կանոններով` գիշատիչ կենդանու մսով կենդանիներին կերակրելը: Վերջին օրերի ընթացքում սատկել են նաև մեկ գլուխ պոնի և մեկ գլուխ մուֆլոն, 40-50 ճագարներ և ջրլող թռչուններ:

3. Բոլորովին վերջերս տնօրենը դիսպետչերական ժողովի ժամանակ մեզ ներկայացրեց մի թուղթ, որի վրա ներկայացված էին մեր անուն-ազգանունները և պարտադրեց ստորագրել այն: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ թուղթը պետք է մաս կազմեր մի գրության, որով անտեղի հերյուրանքներ էին ուղղվում մեր նախկին աշխատակցուհուն, ով այս օրերին իր իրավունքներն է պաշտպանում դատարանում:

4. Կեղծ տեղեկություններ է տարածում կենդանիների համալրման վերաբերյալ` ընձուղտներ, փղեր և այլն:

5. Վերջապես, ո՞ւր են այն խոստացված միլիոնները, ո՞ւր են այն ներդրումները, որոնք խոստացվել էր երկու տարվա ընթացքում Կենդանաբանական այգին դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխան:

Չենք ցանկանում ծանրաբեռնել նամակը այն բոլոր մանրամասնություններով, որոնց մասին դուք որպես քաղաքապետ պետք է տեղեկացված լինեիք թեկուզ մամուլից: Ուղղակի դիմում ենք Ձեզ՝ դարձյալ հույս հայտնելով վերջ դնել այս կործանարար երևույթը կենդանաբանական այգում` օր առաջ հեռացնել այս թյուրիմացությանը՝ մասնագետ, բանիմաց, աշխատանքային փորձ ունեցող նոր տնօրեն նշանակել, ով ի զորու կլինի մարդկանց աշխատանքը գնահատել և ամենակարևորը՝ այգու աշխատանքը հասկանալ և լուծումներ տալ այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են այգում:

Հարգանքով` կենդանաբանական այգու նվիրյալ աշխատակիցներ»:

Նշենք, որ հունվարի 15-ին տեղի է ունեցել առյուծի անկում, որի պատճառը եղել է ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, և 3 առյուծները նրան խեղդել են:

Նախորդող հրապարակում` Կենդանաբանական այգում առյուծ է սատկել 

Պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը