.jpg)
Ջոնի Մելիքյան. Վրաստանը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Թուրքիայից
«Վրացական տնտեսության մեջ Թուրքիան ամենաշատ ներդրումներ կատարած երկիրն է, և թուրք-վրացական ապրանքաշրջանառությունը հասել է 1 միլիարդի դոլարի, բացի այդ, թուրքական կողմը միլիոնավոր ներդրումներ է կատարել վրացական տնտեսության մեջ»,-Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրք-վրացական հարաբերությունների ներկա փուլին և հեռանկարներին, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Վրաստանի համար, սակայն Վրաստանում իշխանափոխությունից հետո «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ կան պահպանողական, ազգայնական ուղղության կուսակցություններ և իրենց մոտեցումները Թուրքիայի և թուրքական ազդեցությանը հատկապես Աջարիայում բավականին բացասական է:
«Կան որոշ տվյալներ, որ թուրք բիզնեսմենները փորձում են իրենց ակտիվները վաճառել Վրաստանում և տեղափոխվել այլ երկրներ»,-նշեց բանախոսը:
Նրա խոսքերով, Վրաստանի գործող նախագահը մի մոտեցում ունի Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, իսկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկ այլ:
Մելիքյանն ասաց, որ թուրք-վրացական հարաբերություններն այսօր այն չեն, ինչ եղել են մինչև 2012թ.-ի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:
«Տարիներ շարունակ Թուրքիան ներդրումներ է կատարում Վրաստանում և ամրապնդում իր դիրքերը բանկային, շինարարական, ռազմա-տեխնիկական ոլորտում»,-նշեց Ջ. Մելիքյանը:
Բանախոսը հավելեց, որ վրացական իշխանությունները կարող են բալանսավորել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ` զարգացնելով ռուսական վեկտորը, որպեսզի միակողմանի կախվածության մեջ չլինեն Թուրքիայից: