.jpg)
«Dasaran.am»-ը ներկայացրեց դպրոցների կառավարման նոր գործիքը
Այսօր Երևանի թիվ 27 դպրոցում ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՆ անմիջական աջակցությամբ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը: Այս մասին հայտնում է «Dasaran.am» կրթական ծրագրի մամուլի ծառայությունը:
Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի միջոցով հնարավոր է իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ և կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:
Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները:
Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների և կիսամյակայինների փոփոխման հետ:
Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության պատասխանատուների հետ: Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների և այլ միջոցառումների մասին: