ԵԽԽՎ-ի նիստերին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները
23/01/2013 19:27

ԵԽԽՎ-ի նիստերին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները

«Երեկ` Կոսովոյի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ, ես, հղում անելով դեռևս 2010 թ.-ին վեհաժողովի կողմից ընդունված բանաձևին, որտեղ ասվում էր, որ ցանկացած անգամ, երբ ԵԽԽՎ-ում քննարկվի Կոսովոյի հարցը, չնայած դրան, որ ԵԽԽՎ-ն չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, Կոսովոյի խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն նիստերին, հարցրել եմ, թե ինչո՞ւ այդ բանաձևը չպետք է գործի ԼՂՀ-ի դեպքում»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում իր ելույթի այն հատվածին, որը վերաբերվում էր ԵԽԽՎ-ում ԼՂՀ-ին Կոսովոյին համարժեք կարգավիճակ շնորհելուն՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ  առաջարկել է, որ ԵԽԽՎ-ն հավատարիմ մնա իր  կողմից ընդունված բանաձևերին, և այսուհետև, բոլոր այն դեպքերում, երբ ԵԽԽՎ-ում քննարկվի Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հարցեր, այնտեղ ներկա գտնվեն և մասնակցեն քննարկումներին ԼՂՀ-ի օրինական ընտրված ներկայացուցիչները:

«Ելույթից հետո իրավական առումով արձագանքներ չեն լինում, սակայն ես մշտապես բարձրացնելու եմ այս հարցերը, բարձրացնելու եմ նաև այս հարցը՝ ներքաղաքական խմբերում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ըստ նրա, եթե ԵԽԽՎ-ում ընդունվում են բանաձևեր, ապա նրանք չպետք է կրեն իմիտացիոն բնույթ:

«Պետության չճանաչված լինելը չպետք է խոչընդոտի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված լինի այն իրավունքներից, որոնք ունեն ԵԽԽՎ անդամ-երկրների քաղաքացիները»,- նշեց բանախոսը:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ այսօր նաև մեկ այլ հայտարարություն է հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն` առաջարկելով ԵԽԽՎ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է չճանաչված պետությունների քաղաքացիների կրթական իրավունքով:

«Ես հղում եմ արել դեռևս 1960 թ.-ին Յունեսկոյի կողմից ընդունված կրթական խտրականությունների դեմ կոնվենցիային, որտեղ հստակ ասվում է, որ անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում մարդը, նա չպետք է զրկված լինի կրթական իրավունքից»,- նշեց նա:

Նրա խոսքերով, հայտարարության մեջ նշված է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է եվրոպական կրթական ատյաններում իր իրավունքը իրացնելու իրավունքից:

«Մոտ 6.000 ԼՂՀ ուսանողների ավարտական վկայականներ չեն ճանաչվում եվրոպական տարածքում, ինչը հակասում է Յունեսկոյի դրույթներին և խտրականություն է իր մեջ պարունակում, իսկ ես առաջարկել եմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի չճանաչված երկրներում կրթական իրավունքի իրացման հարցերով»,- հավելեց բանախոսը:

ԵԽԽՎ-ի նիստերին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները