.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Մարդկանց պետք է մեկը, ով իրենց ուղղակի կլսի
Քարոզարշավի երրորդ օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, սկսեց մայրաքաղաքի Էրեբունի համայնքում: Նա այցելեց շուկա, ստոմատոլոգիական կենտրոն, հիվանդանոց, մտավ տարածքի գրեթե բոլոր խանութները: Էրեբունիում շրջելու ընթացքում թեկնածուն պատասխանեց Aysor.am-ի մի քանի հարցին:
-Պարոն Հովհաննիսյան, անցորդներից շատ ենք հետաքրքրվում, թե ինչ տպավորություն են ստանում Ձեզ հետ հանդիպումներից: Հետաքրքիր է, իսկ դուք ի՞նչ եք ստանում քաղաքացիների հետ այսպես հանդիպելուց:
-Ես առաջին հերթին ստանում եմ լիցք: Ստանում եմ ճշմարտություն: Ուժ է տալիս ինձ: Այս հանդիպումներում և ուրախություն եմ տեսնում, տառապանք էլ կա: Կա նաև քննադատություն: Մարդիկ արդեն չեն ուզում, որ իրենց մոտ ինչ-որ մեկն իբրև իշխանավոր կամ իբրև ընդդիմադիր գա: Մարդկանց պետք է մեկը, ով իրենց ուղղակի կլսի, կպատասխանի հարցերին:
-Պարոն Հովհաննիսյան, նկատեցի, որ Ձեր ելույթներին ծանոթ քաղաքացիներից հարցնում եք, թե ի՞նչ նկատողություններ կամ առաջարկություններ ունեն՝ դրանց հետ կապված: Հետագայում քաղաքացիների նկատառումները հաշվի առնու՞մ եք:
-Իհարկե, ամեն գիշեր` քարոզարշավից վերադառնալուց հետո, ես իմ մեջ ամփոփում եմ օրվանից ստացած տպավորություններն ու հիշում եմ բոլոր առաջարկները: Ես անգամ հասցրել եմ որոշ ծրագրային փոփոխություններ անել հենց քաղաքացիների որոշ առաջարկություններից հետո:
- Արդեն երրորդ օրն է, ինչ շրջում եք քաղաքում, եղե՞լ են ինչ-որ առանձնահատուկ, հետաքրքիր դեպքեր:
-Ամեն մի հանդիպում յուրահատուկ է: Այս հանդիպումներն առաջինը ես եմ հիշելու: Ամեն բան կարևոր է ինձ համար, թե' ալեհեր տատիկի ու պապիկի օրհնանքը, թե' փոքրիկներն, ում հանդիպում եմ:
Հետաքրքիր է, որ Էրեբունի համայնքում Հովհաննիսյանին հանդիպած առաջին իսկ փոքրիկը, թեկնածուի հարցին, թե ինչ մասնագիտություն է ուզում ունենալ` պատասխանեց.
«Ես ուզում եմ զինվոր դառնալ: Ուզում եմ մեծանալ ու պաշտպանել հայրենիքս»: