Սարգիս Բալոյան. «Հայերենին, կարծում եմ, հեշտ կտիրապետեմ»
23/01/2013 19:59

Սարգիս Բալոյան. «Հայերենին, կարծում եմ, հեշտ կտիրապետեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Փյունիկում» փորձաշրջան է անցնում կենտրոնական հարձակվող Սարգիս Բալոյանը: Հայազգի 20-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում:

Ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Սարգիսը պատմել է, որ ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանից` Վլադիկավկազի «Յունոստ» ֆուտբոլային դպրոցում, իսկ մինչ այդ 5 տարի զբաղվել է թաեքվոնդոյով:

«Յունոստում» մարզվել եմ 2 տարի, ապա տեղափոխվել «Ֆայուր-Սոյուզ»: 4 տարի անց մեկնել եմ Բելգիա, որտեղ մասնակցել եմ «Անդերլեխտ» ակումբի ուսումնամարզական հավաքին: Ցավոք, հենց այդ ժամանակ աճուկի ծանր վնասվածք ստացա և վերականգնվում էի 1,5 տարի:

Վերադարձա հարազատ ակումբ, ապա տեղափոխվեցի «Ալանիա-Դ», որտեղ ելույթ ունեցա կես մրցաշրջան: Հիմա հաջողությունս փորձում եմ «Փյունիկում»: Այստեղ պայմաններն ինձ շատ են դուր գալիս, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Թիմում ինձ հիանալի ընդունեցին, բոլորն էլ լավ տղաներ են, ինձ զգում եմ ինչպես տանը»,- նշել է Բալոյանը:

Սարգիսն առայժմ հայերեն չի խոսում, բայց վստահեցրել է, որ դա ամենևին չի խանգարում հասկանալ թիմակիցներին խաղադաշտում:

«Բոլոր վարժությունները ծանոթ են, եթե որևէ բան չեմ հասկանում, մարզիչն առանձին բացատրում է, ինչի համար շնորհակալ եմ նրան: Բացի այդ, մի քանի բառ արդեն սովորել եմ, կարծում եմ` լեզուն ինձ հեշտ կտրվի»,- ավելացրել է Բալոյանը:

Սարգիս Բալոյան. «Հայերենին, կարծում եմ, հեշտ կտիրապետեմ»