.jpg)
Ապահով Հայաստան նշանակում է խաղաղություն, որը կարող է ապահովել հզոր բանակը
Ապահով Հայաստան սյունեցիների համար նշանակում է խաղաղություն, որը կարող է ապահովել միայն ու միայն հզոր բանակը: Կապանում իր ընտրազանգվածի հետ հանդիպմանը հայտարարեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Կապանն առաջինն է, որ իր վրա զգացել է պատերազմի արհավիրքը, այնպես որ` ապահով Հայաստան ասվածը սյունեցիների համար հասկանալի է: Ապահովության երաշխիքը միայն ու միայն հզոր բանակն է: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել և առաջընթաց արձանագրել: Առաջիկա հինգ տարիներին էլ շարունակելու ենք նույն ուղղությամբ»,-ասաց նախագահի թեկնածուն:
Ելույթ ունենալով կապանցիների առջև՝ Ս. Սարգսյանն ասաց, որ չկա մեկը, ով չի ընդունի, որ Արցախի հզոր թիկունքը Հայաստանն է ու առաջին հերթին Սյունիքը. «Բայց պատերազմի ժամանակ եղավ մի պահ, երբ Արցախն էր Սյունիքի թիկունքը և այսպես՝ ուս ուսի առաջ ենք գնում: Երբեք չեմ կասկածել ձեր կամքին, նվիրումին և այսօր էլ համոզված եմ` միասին վայելելու ենք միասնաբար կերտած ապահով Հայաստանը: Այն Հայաստանը, որը շատերին է տուն վերադարձնելու»:
Եզրափակելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կապանցիներին և ասաց. «Ես այստեղ եմ, որ ասեմ, թե ինչպես եմ հավատում ու վստահում ձեզ՝ և՛ պատերազմի օրերին, և՛ դրան հաջորդող ժամանակներում»: