Հայաստանում են հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ
24/01/2013 10:55

Հայաստանում են հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ

Հայաստանում է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում են այնպիսի հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ, ինչպիսիք են Միխայիլ Շվիդկոյը, Իրինա Ռոդնինան, Լևոն Օգանեզովը, Դմիտրի Խառատյանը, Նիկոլայ Սվանիձեն, Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն և այլոք: 

Այսօր ժամը 13.00-ին Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրատան ցուցադրություններին: Այնուհետև Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա պատվիրակության հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ տարածաշրջանում մշակութային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև անդրադարձ կլինի Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Հանդիպման ավարտին լրագրողները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել պատվիրակության անդամներին: 

ԱՊՀ պետությունների Հումանիտար համագործակցության Խորհուրդը /ՀՀԽ/ ստեղծվել է 2005թ. օգոստոսի 26-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա: ՀՀԽ-ում ընդգրկված են ԱՊՀ երկրների նախագահների հատուկ լիազոր-ներկայացուցիչները: Հայաստանը ՀՀԽ-ում ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԽ ստեղծումից փոքր-ինչ ուշ՝ 2006 թ. մայիսի 26-ին Դուշանբեում ստորագրված պայմանագրի հիման վրա ստեղծվեց Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը /ՀՀՄՀ/, որն իր գործունությամբ նպաստում է ԱՊՀ երկրների միասնական հումանիտար դաշտի զարգացմանն ու միջմշակութային երկխոսությանը: ՀՀՄՀ բարձրագույն մարմինը հիմնադրամի վարչությունն է, որի անդամներն են ԱՊՀ երկրների հումանիտար ոլորտը համակարգող նախարարները: Հայաստանը վարչությունում ներկայացնում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Արդեն 7 տարի Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀՀՄՀ ծրագրերին: 2009 թվականից սկսած Հայաստանում ամեն տարի իրականացվում են 8 ծրագրեր, որոնց թվում են «Արամ Խաչատրյան» միջազգային երաժշտական մրցույթը, ԱՊՀ երկրների թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա միջազգային համաժողովը, «Лики памяти» նախագիծը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ԱՊՀ կինոյին նվիրված բաժինը և այլն: ՀՀՄՀ տարեկան կազմակերպում է գրեթե 5 տասնյակ ծրագրեր, որոնց Հայաստանից մասնակցում է ավելի քան 200 մարդ:

ՀՀՄՀ մշակութային նախագծերի թվում առանձնանում է «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը, որն իրականացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանը: Ծրագիրը միտված է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը և նպատակ ունի նպաստել մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքներից դուրս և ծառայում է ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը որոշել է Գյումրին հայտարարել 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մինչև այդ «պիլոտային ռեժիմով» իրականացվող ծրագրի շրջանակներում 2011 թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հայտարարվել Գոմելը (Բելառուս) և Ուլյանովսկը (ՌԴ), իսկ 2012 թ-ին՝ Աստանան (Ղազախստան) և Մառին (Թուրքմենստան): ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների ընտրությունը կատարվում է ռուսական այբուբենի այբբենական կարգով՝ ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք: Նույն սկզբունքով 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել Հայաստանի Գյումրի, Բելառուսի Մոգիլյով և Ադրբեջանի Գաբալա քաղաքները:

2013-ի հունվարի 11-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի նախագիծը, որը բաղկացած է հետևյալ բաժիններից` միջազգային, հանրապետական և մարզային նշանակության միջոցառումներ, պատրաստվել են ծրագրի խորհրդանշանի և կայք էջի մրցույթների մասին հայտարարությունները:

Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախաձեռնությամբ ՝«Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի դրույթների հստակեցման և իրականացման ուղղությամբ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստան է ժամանել ՀՀՄՀ 24 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում են Ռուսաստանի , Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մշակույթի, սպորտի, կրթության, գիտության անվանի գործիչներ և լրագրողներ:

Հունվարի 23-ին պատվիրակության անդամները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ մեկնել են Գյումրի և հանդիպել ծրագրի մարզային և քաղաքային պատասխանատուների հետ՝ ըստ էության տալով ծրագրի մեկնարկը:
 

Հայաստանում են հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ