.jpg)
Ո՞վ է Չախալյանը. Վրացի պատգամավորի «բացահայտումները»
Օրեր առաջ Վրաստանի նախկին բնապահպանության նախարար, իսկ ներկայում խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժի պատգամավոր Գոգա Խաչիձեն իր facebook-յան էջում մի գրառում էր կատարել, որում անդրադարձել էր ջավախքահայ հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին:
Խաչիձեն իր խոոսքում նշել է, որ 4 տարի աշխատել է որպես Սամցխե-Ջավախքի նահանգապետ և լավ ծանոթ է Վահագն Չախալյանի անձին և գործունեությանը:
Վերջինիս ներկայացնելով որպես ահաբեկիչ և վանդալ` Խաչիձեն իր վրդովմունքն է արտահայտում Վրաստանի նոր իշխանությունների նկատմամբ, որոնք պատրաստվում են համաներմամբ ազատ արձակել Չախալյանին:
Նշենք, որ Խաչիձեն պատեհ-անպատեհ առիթներով բավականին խիստ քննադատություններ է ուղղում նոր իշխանությունների հասցեին: Ինչ վերաբերում է նրա կողմից արված այս մեկնաբանությանը, ապա այն, իհարկե, առնչվում է Վրաստանում ընթացող համաներման գործընթացին, և այս պարագայում տվյալ քաղաքական գործչի նման հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ուստի անդրադառնալով Չախալյանի ազատ արձակմանը և մեղադրելով իշխանություններին, այս անգամ ևս նա չի հապաղել ամրապնդելու քննադատողի իր իմիջը:
Ուղղակի զարմանալի է, որ խորը ագրեսիայով և անմարդկային վարքով աչքի ընկած ընտանիք ունեցող խորհրդարանի պատգամավորը նման բովանդակությամբ որակումներ է տալիս մի մարդուն, այս դեպքում` Վահագն Չախալյանին, ով մշտապես հանդես է եկել արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից:
Երևի թե մնում է այս անձնավորությանը խորհուրդ տալ ուղղակի դիտել հետևյալ տեսանյութերը` 1, 2, և նոր միայն որակում տալ մարդկային ագրեսիվ դրսևորումներին: Նաև նրան խորհուրդ կտանք իր էջից ջնջել Վահագն Չախալյանի վերաբերյալ իր կողմից արված մեկնաբանույթունը, կամ գոնե դրան կից տեղադրել վերոնշյալ հղումով տեսանյութերը, որ ընթերցողը լավ հասկանա, թե ում հետ գործ ունի, և իրականում ինչ իրավունք ուներ նման վարք դրսևորող հայր կամ քույր ունեցող մարդը այդպիսի հայտարարությամբ հանդես գալու:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գոգա Խաչիձեն իր facebook-յան էջում «Ով է Վահագն Չախալյանը» վերտառությամբ գրառում էր կատարել, որում վերջինիս անվավել էր ահաբեկիչ, վանդալ, հանցագործ և կոչ արել իշխանություններին հետ կանգնելու նրան ազատություն շնորհելու մտադրությունից: