.jpg)
Human Rights Watch. Ադրբեջանում մտահոգիչ և անընդունելի իրավիճակ է ստեղծվել
«Ադրբեջանի կառավարությունը պետք է ընդունի և ի կատար ածի ԵԽԽՎ-ի կողմից ուղարկված հստակ մեսիջը՝ մարդու իրավունքների հարցում անհապաղ բարեփոխումներ իրականացնի»,- այս մասին հայտարարությունը զետեղված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում:
Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ն ադրբեջանում մարդու իրավունքների վեաբերյալ սպասված բանաձևն ընդունեց: Դրանում մտահոգություն էր արտահայտվում Ադրբեջանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Կազմակերպության Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիան նշել է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս, թե որքան մտահոգիչ և անընդունելի իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում:
«Ադրբեջանի կառավարությունը մերժել է երեք տարով մուտքի արտոնագիր տրամադրել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ներկայացուցիչ Քրիստոֆեր Շտրասերին»,- նշված է հայտարարության մեջ:
«Մտահոգությունների տեղիք է տվել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին չի հաջողվել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել»,- նշված է հայտարարությունում:
Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում դատական համակարգը կախվածության մեջ է, իսկ քաղաքական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական գործեր են հարուցվում: