.jpg)
Սաակաշվիլին նախագահական նստվայր ստիպված է լինում մտնել գաղտնի մուտքով
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վախեցել է «ամոթի միջանցքից»: Այս մասին գրում է «Российская Газета» պարբերականը:
«Վրաստանի նախագահի համար ավելի դժվար է դառնում սեփական երկրում ազատ շարժվել: Սաակաշվիլին անգամ նախագահական նստվայր ստիպված է լինում մտնել գաղտնի մուտքով:
Ստրասբուրգից վերադառնալիս` նախագահին նստավայրի մոտ սպասում էին հարյուրավոր մարդիկ: Այնտեղ նրանք երկու շարքով էին կանգնել`ստեղծելով «ամոթի միջանցք»: Ակնկալվում էր, որ նա խիզախություն կդրսևորի և նստավայրի մոտ կնայի մարդկանց աչքերին: Սակայն նա այդպես չարեց»,- գրում է պարբերականը:
«Սաակաշվիլին գիտեր, որ մենք ստեղծել ենք «ամոթի միջանցք», այդ իսկ պատճառով նա նստավայր է մտել գաղտնի մուտքով: Հունվարի 20-ից նա այլևս մեր նախագահը չէ: Ստորագրահավաքը շարունակվում է, և այստեղից ոչ ոք չի հեռանալու»,- ասել է ընդդիմադիր «Թեթրեբի» շարժման առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանում գրեթե երեք հազար մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը:
Նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարի 20-ին: Ըստ ցուցարարների՝ նա պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա:
Սակայն, ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, Վրաստանում ընտրությունները տեղի են ունենալու 2013 թ հոկտեմբերին: Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: