.jpg)
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հումանիտար նպատակներ է հետապնդում
«Ադրբեջանը աղմկում է և աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը: Եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել այս հարցը` ոչ ԼՂՀ, ոչ Հայաստանը որևէ քայլ չեն ձեռնարկելու քաղաքականացնելու համար օդանավակայանի գործարկումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմը պարտավորություններ էր վերցրել համանախագահողների ներկայությամբ, որ զերծ է մնալու ուժի գործադրումից և ուժի գործադրման սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների դեմ:
«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով այդ պարտավորությունները՝ սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի դեմ»,-նշեց նախարարը:
Ըստ նախարարի, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կապակցված չէ ղարաբաղյան կարգավորման հետ` եռանախագահները բազմիցս ասել են, որ օդանավակայանի բացումը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
«Ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը չեն կապակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը այլ հարցերի հետ»,-ասաց Է. Նալբանդյանը:
Նրա խոսքերով, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը միայն քաղաքացիական և հումանիտար նպատակներ ունի, իսկ Ադրբեջանի նպատակն է մեկուսացնել ԼՂՀ-ն և ստիպել նրա ժողովրդին լքել երկիրը:
«Դա նրանց չի հաջողվել և չի հաջողվելու»,-հավելեց նախարարը: