Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի «Գալա համերգներ» փուլը
24/01/2013 19:55

Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի «Գալա համերգներ» փուլը

Հունվարի 26-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի,17:30) Արմենիա հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգա նախագծի «Գալա համերգներ» փուլի 1-ին թողարկումը: Այս թողարկման ընթացքում «Կույր լսումներ» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձևափոխված համերգային տաղավարում:

Պայքարը թեժ է լինելու... Ձայնի և պատկերի որակով առաջիկա 9 հաջորդական հաղորդումները՝ 7 գալահամերգներ, 1 կիսաեզրափակիչ և 1 եզրափակիչ, կփոխանցեն հեռուստադիտողին թե´մարզիչների, թե´մասնակիցների և թե´հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները:

Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ», «Wild Card» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակիցներից «Գալա համերգներ» փուլ անցնում են 24 մասնակիցներ. Յուրաքանչյուր մարզչի թիմում ՝6-ական մասնակից:

«Գալա համերգներ» փուլում նախագծի կառուցվածքն այլ է: Վերջին ամիսների ընթացքում նախագծի զարգացումներին և մասնակիցների՝ դեպի աստեղային ճանապարհ տանող յուրաքանչյուր փորձությանը հետևող հեռուստադիտողին, առաջին անգամ հնարավորություն կընձեռվի մասնակցել շաբաթական քվեարկությանը և իր որոշիչ դերն ունենալ Հայաստանի ձայնի համահայկական որոնմանը: Հաղորդման ընթացքում, յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms և հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Յուրաքանչյուր մարզչի թիմի՝ առավելագույն քվե հավաքած մասնակցիները հայտնվում են անվտանգ գոտում և անցնում հաջորդ գալա համերգ, իսկ նվազագույն քվե հավաքած 2 մասնակիցների ճակատագրերը կրկին որոշում է յուրաքանչյուրի մարզիչը: Շաբաթական քվեարկության ամփոփման ընթացքում, յուրաքանչյուր մարզչի թիմից հեռանում է 1-ական մասնակից: Կիսաեզրափակչի և եզրափակչի կառուցվածքը և քվեարկության կանոնները տարբերվում են առաջին 7 գալա համերգների կաննոներից: Ըստ ձևաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը:

Քանի որ նախագծում մրցակցությունը ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը՝ հեռուստադիտողի հետ միասին, կփորձի նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին մինչև «Գալա համերգներ» փուլի եզրափակիչ:
Առաջիկա գալա համերգները լի են լինելու անսպասելի անակնկալներով. մասնակիցները գունեղ կատարումներով հանդես են գալու թե´ իրենց մարզիչների, թե´ հրավիրված արտիստների և նվագախմբերի հետ:

Քվեարկություն

Քվեարկության սկիզբն ազդարարվում է «Հայաստանի ձայնը» նախագծի հիմնական հաղորդման եթերի ընթացքում՝ յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո և ավարտվում հաջորդ երեքշաբթի՝ ժամը 12:00-ին: Քվեարկել կարող են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև արտերկրից: Քվեարկության մանրամասների համար այցելեք «Հայաստանի ձայնը» նախագծի պաշտոնական կայք http://www.armeniatv.am/voice/ և/կամ հետևեք նախագծի հիմնական հաղորդումներին:

2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիա-գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող TALPA ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում:Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են TALPA ընկերության կողմից և համապատասխանում ձևաչափի բոլոր կանոններին:
 

Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի «Գալա համերգներ» փուլը