.jpg)
Չախալյանն ազատ արձակվեց հասարակության, պետության և եկեղեցու ջանքերի շնորհիվ
«Վահագն Չախալյանի ազատ արձակումը վերջնակետն էր այն երկար գործընթացի, որ տարվում էր այս տարիների ընթացքում իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, պետության և եկեղեցու կողմից: Ազատ արձակման որոշման վրա ազդել է նաև մեր կաթողիկոսի խնդրանքն ուղղված Բիձինա Իվանիշվիլիին»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ ամենակարևորն այն է, որ Վահագն Չախալյանի գործի վերաքննության ընթացքում դատարանի վրա ոչ ոք ճնշում չի գործադրել և դատարանը Վահագնի ազատ արձակման որոշում կայացրեց:
«Հետաքրքիրն այն է, որ Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ իրենց մեկնաբանություններ են արել Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որոնք մեղադրել են նոր իշխանություններին սեպարատիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ»,- նշեց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները նրանք արել են «իրենց դեմքը» պահպանելու համար, քանի որ Չախալյանի դեմ գործը հարուցվել էր հենց նրանց կառավարման տարիներին:
«Այս հայտարարությունները կարելի է դիտարկել նաև Վրաստանում ներքաղաքական պայքարի ենթատեքստում»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Ըստ նրա՝ այժմ շատ դրական մեսիջներ են հնչում Թբիլիսիից` տեղեկություններ կան, որ Շիրակ Թորոսյանին այլևս չեն արգելի մուտք գործել Վրաստանի տարածք:
Վրաստանի հարցերով փորձագետը հավելեց, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևան կատարած այցի ընթացքում քննարկված բոլոր հարցերը և պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: