.jpg)
Թուրքագետ. Ստամբուլում հայ կանանց նկատմամբ հարձակումները կազմակերպված են
Վերջին շրջանում Ստամբուլում հայ կանանց դեմ իրականացված հարձակումները ուղղորդվում են և կրում են կազմակերպված բնույթ: Դրանց հետևում կարող են կանգնած լինել տարբեր ուլտրաազգայնական խմբավորումներ, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Նման խմբավորումների համար թիրախ են ներկայացնում նաև այլ ազգային, կրոնական փոքրամասնությունները: Եղավ տեղեկատվություն, որ վերջին օրերին հարձակում է իրականացվել նաև Ստամբուլի հունական եկեղեցիներից մեկի դեմ: Հիշենք անցած տարի Իզմիրում ալևիների տների վրա արված համարակալումներն ու նշանները, որոնք որոշակի խուճապ էին առաջացրել նրանց շրջանում: Նման միտումները Թուրքիայում կարող են ավելի համատարած ու վտանգավոր դառնալ, եթե իշխանությունները հստակ քայլեր չձեռնարկեն»,- նշեց Լ. Հովսեփյանը:
Ըստ թուրքագետի` նման միտումները Թուրքիայում խիստ վտանգավոր են, և ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը նույնպես դրա մասին է վկայում:
«Թուրքիայի իշխանությունների կողմից ոչ մի հայտարարություն կամ դատապարտման ոչ մի խոսք չեղավ. Թուրքիայի իշխանությունների լուռ կեցվածքն ու անտարբերությունն առավել քան վտանգավոր է:
Իշխանությունների լռությունը մի շարք հարցականների տեղիք է տալիս կամ էլ, միգուցե, առկա է լուռ համաձայնություն: Սրա մասին են համենայն դեպս վկայում նախորդ տարի փետրվարին Ստամբուլում իշխանությունների կողմից խրախուսված հակահայկական զանգվածային միջոցառումները, վարչապետ Էրդողանի կողմից Թուրքիայից հայերին վտարելու մասին արված սպառնալիքները»,- նշեց բանախոսը: