.jpg)
Շուտով Դիլիջանում կբացվի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը
Շուտով շահագործման կհանձնվի Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանը, որը վերակառուցվել է Կենտրոնական բանկի կողմից. Կառույցը վերանվանվել է «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի:
Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ Դիլիջանի քաղաքային գրադարանն իր հիմնական առաքելությունը պահպանելու է, ավելացվելու է ժամանակից միջավայր, ինտերակտիվ է լինելու. Գրադարանում նախատեսված են տարբեր միջոցառումներ:
«Կենտրոնական բանկը այս կենտրոնը հիմնել է որպես բանկի սոցիալական պատասխանատվություն` բերելով նոր մշակույթ և նոր տեխնոլոգիաներ»,- ասաց Ն. Երիցյանը:
Քառահարկ կենտրոնում գործելու են ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ կարող են ծանոթանալ բանկի և հայկական դրամի պատմությանը, առևտրային բանկերի գործառույթներին, երկրորդ հարկում տեխնիկապես հագեցած գրադարանն է, երրորդ հարկում գործելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտորն, որը ստեղծվել է «Թումո» կենտրոնի հետ համատեղ:
Չորրորդ հարկում գործելու է համակարգչային ծրագրերի բազմակողմանի ուսուցման խմբակներ, դահլիճում նախատեսված են սեմինարներ, գործնական հանդիպումներ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ձեռք է բերվել պայմանվորվածություն «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում օտար լեզուների ուսուցման, նաև «Տուրիզմի և հյուրընկալման կառավարում» դասընթացի անցկացման համար:
Գրադարանը համալրված է 2 000 անուն գրականությամբ, որի 20 տոկոսը ռուսալեզու է, 20 տոկոսը անգլիալեզու. գրադարանը անընդհատ համալրվում է: