Ռազմական փորձագետ. Մեր բանակը կարողացավ շտկել ժողովրդի մեջքը
28/01/2013 15:00

Ռազմական փորձագետ. Մեր բանակը կարողացավ շտկել ժողովրդի մեջքը

Հաղթանակը պատերազմում, թշնամուն պարտադրված արժանապատիվ խաղաղությունն ու մեր ժողովրդի մեջ հաղթողի հոգեբանության վերականգնումը: Սրանք, ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի, այն երեք կարևորագույն նվաճումներն են, որոնք ունեցավ մեր բանակը կազմավորման 21 տարիների ընթացքում:

«Մենք միաժամանակ բանակ էինք ստեղծում ու պատերազմ հաղթում: Մյուս կողմից, եթե բանակը ունակ չլիներ պահել հաղթանակները, մեզ մոտ` անկախ հաղթանակից, պարտվողական տրամադրություն կլիներ: Եվ կարևորագույնը, որ մեր զինվորները Արցախյան հաղթանակով կարողացան շտկել մեր ժողովրդի մեջքը ու վերականգնել հույսը հաղթանակի նկատմամբ»,- ասաց Դ. Ջամալյամը:

Ռազմական փորձագետը նշեց, որ պատերազմի տարիներին փոքր էր, բայց լավ է հիշում` թերթերի կրպակների մոտ միշտ հերթեր էին, ինքն էլ` հերթում սպասողներից մեկը:

«1992-93 թթ. ձմեռն էր: Թերթ գնողների հերթում մեկը չկար, որ հուսահատված լիներ, բոլորը հաղթանակին հավատում էին: Կրպակի հերթից դուրս իրավիճակը մի փոքր այլ էր: Շատերը կային, որ չէին հավատում հաղթանակին: Հիշում եմ, որ ես ամեն օր սպասում էի, թե երբ է գալու թերթ գնելու ժամանակը, որ գնամ, կանգնեմ այդ հերթում ու վարակվեմ հաղթանակի հույսով»,- ասում է ռազմական փորձագետը:
 

Ռազմական փորձագետ. Մեր բանակը կարողացավ շտկել ժողովրդի մեջքը