.jpg)
Քաղաքագետ. Թեկնածուներից 4-ն ընտրել է իրեն գովազդելու տեխնոլգիան
Նախագահի 8 թեկնածուներից, փաստացի, մարզերում քարոզարշավ են անցկացնում միայն 7-ը: Թեկնածուներից հատկապես 3-4-ի գործունեությունն անհասկանալի է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Նշյալ թեկնածուները, քաղաքագետի խոսքով, ընտրել են զուտ ասուլիսային, իրենց անձի քաղաքական գովազդի տեխնոլոգիան. «Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը և Արման Մելիքյանը սահմանափակվում են միայն մամուլի ասուլիսներով…. Հաճախում այնպիսի վայրեր, որտեղ հնարավորություն կլինի իրենց անձը ցուցադրելու»,- ասաց Գ. Քեռյանը` հիշատակելով հացադուլը և թեկնածությունը հանելու մասին հայտարարությունները: Նա կարծում է, որ նման երևույթներն իրականում քարոզարշավի հետ ընդհանրապես կապ չունեն:
«Իրական քարոզարշավ տեսնում ենք Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ: Միջանկյալ տիրույթում է Պարույր Հայրիկյանը, ով որոշ չափով հանդիպումներ է ունենում, և դեռ հայտնի չէ, որ տիրույթում կլինի ասենք հաջորդ շաբաթ»,- ասաց Գ. Քեռյանը:
Դիտարկմանը, թե նախագահի թեկնածուները համախմբվելու, միավորվելու հայտարարություններ են անում, հնարավո՞ր է, որ ընտրություններից առաջ նման համախմբում լինի, և քվեաթերթիկում մնա ընդամենը միայն մեկ ընդդիմադիր թեկնածուի անուն, Aysor.am-ի զրուցակիցն ասաց, որ թեև նախագահի թեկնածուները համախմբվելու հայտարարություններ են անում, սակայն նման միտում չկա:
«Թեկնածուներից ոչ մեկի մոտ չկա պաշտոնական հայտարարություն այն մասին, որ ծրագրային դրույթները համապատասխանում են մեկ ուրիշի հետ և ասենք ցանկանում է համագործակցել»,- նկատեց քաղաքագետը` մատնանշելով, որ կա նաև անձերի համատեղելիության գործոն, որը հնարավոր է միայն, եթե լինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: