Արսեն Բեգլարյան. «Հավաքական հրավիրվելու մասին լուրը լսել եմ Թուրքիայում»
30/01/2013 20:09

Արսեն Բեգլարյան. «Հավաքական հրավիրվելու մասին լուրը լսել եմ Թուրքիայում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: Հրավիրվածների թվում է նաև Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Արսեն Բեգլարյանը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին:

- Արսեն, շնորհավորում ենք առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվելու առթիվ: Ի՞նչ զգացողություններ ունես այս պահին:
- Շնորհակալություն, ինձ այս պահին շատ երջանիկ եմ զգում: Հավաքական հրավիրվելու մասին լուրը լսել եմ Թուրքիայում՝ հավաքի ընթացքում: Բնականաբար, շատ եմ ուրախացել:

- Երբ նոր էիր տեղափոխվում Հայաստան, սպասո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակում կհրավիրվես ազգային հավաքական:
- Չեմ կարող ասել, որ սպասում էի, բայց հոգու խորքում հույս ունեի: «Գանձասար» տեղափոխվելու նպատակը հենց այն էր, որ անընդհատ լինեմ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

- Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ ծանո՞թ ես:
- Ծանոթ եմ նրանց, ում հետ խաղացել եմ երիտասարդական հավաքականում, ինչպես նաև նրանց, ում դեմ խաղում եմ Հայաստանի առաջնության շրջանակներում: Վերջերս ծանոթացել եմ Հրայր Մկոյանի և Արտակ Եդիգարյանի հետ, ճանաչում եմ նաև Արթուր Սարկիսովին:

- Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղից:
- Ես կարծում եմ, որ մեզ համար այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ Լյուքսեմբուրգի ընտրանին գաճաճ պետությունների շարքում ամենաուժեղ թիմերից մեկն է: Վերջին ժամանակաշրջանում նրանք մեծ աճ են գրանցել և առաջվա պես հաճախ չեն պարտվում խոշոր հաշվով: Լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ հանդիպումն ընկերական է, և Վարդան Մինասյանը, հավանաբար, փորձարկումներ կկատարի այդ խաղում:

- Ինքդ հույս ունե՞ս մասնակցել առաջիկա հանդիպմանը:
- Ցանկացած ֆուտբոլիստ, ով հրավիրվում է հավաքական, հույս ունի խաղային ժամանակ ստանալ: Սակայն եթե նույնիսկ չխաղամ, շատ չեմ տխրի, քանի որ, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է: Հավաքականի փորձառու դարպասապահների կողքին մարզվելն ինձ համար մեծ փորձ կլինի: Բացի այդ, արդեն իսկ ազգային հավաքական հրավիրվելը լուրջ նվաճում է և մեծ պատիվ:

Արսեն Բեգլարյան. «Հավաքական հրավիրվելու մասին լուրը լսել եմ Թուրքիայում»