.jpg)
ԴԱՀԿ-ն և ոստիկանությունը խարդախության դեպք են բացահայտել
Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության մեկ դեպք: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա.-ն, ՀՀ քաղաքացի Երևան քաղաքի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն ՀՀ դրամ` ԴԱՀԿ ծառայության աճուրդով Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռքբերելու պատրվակով, որի դիմաց վերջինիս հանձնել է կեղծ անդորրագիր` իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից հայտնաբերվել է խարդախության նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:
Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նմանատիպ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր անձանց այն կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կայքում կամ ԴԱՀԿ ծառայությունում գրանցվելու և աճուրդին մասնակցելու միջոցով, և խուսափել ինքնահռչակ միջնորդների «ծառայություններից»: