.jpg)
Վրաստանում կա ընդհանուր մոտեցում` ԱՊՀ չվերադառնալու հետ կապված
«Վրացական կողմը միշտ էլ հայտարարել է, որ ԱՊՀ վերադառնալ չի պատրաստվում, և այսօրվա վրացական ընդդիմությունը`«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որտեղ շեշտվելու է, որ իրենք չեն հրաժարվելու իրենց արևմտամետ քաղաքականությունից»,-Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանի ԱԳՆ-ի՝ Թբիլիսիի ԱՊՀ չվերադառնալու մասին հայտարարությանը, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ռուսական կողմի հետ վերջին քննարկումների ժամանակ խոսակցություն չի եղել Վրաստանի ԱՊՀ վերադառնալու մասին:
«Վրաստանում կա ընդհանուր մոտեցում, որ Թբիլիսին դեռևս չի քննարկում և մոտակա ժամանակներս չի մտածելու ԱՊՀ վերադառնալու մասին»,-ասաց Ջ. Մելիքյանը:
Նրա խոսքերով, 2008թ.-ի պատերազմից հետո Վրաստանը սկսեց ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը և մեկ տարի անց` 2009թ.-ին այդ երկիրը լքեց ԱՊՀ-ն:
Բանախոսը ասաց, որ ԱՊՀ շրջանակներում կան որոշակի պայմանագրեր, որոնց մաս դեռևս կազմում է Վրաստանը, սակայն չնայած դրան, նրանք չեն ցանկանում վերադառնալ այդ կազմակերպություն:
«Վրաստանի արտաքին քաղաքական ուղենիշները ուղղված են դեպի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն»,-հավելեց Մելիքյանը: