.jpg)
Միխայիլ Մարկոսով. «Կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը»
ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումից առաջ զրուցել է ռուսաստանյան «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:
- Միխայիլ, ինչպե՞ս ընդունեցիր ազգային հավաքական հրավիրվելու մասին լուրը:
- Բնականաբար, շատ ուրախացա: Անկախ նրանից, որ ես խաղում եմ Ռուսաստանում, Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, և ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:
- Երբ արդեն սկսել էիր գոլեր խփել «Ուֆայի» կազմում, սպասո՞ւմ էիր, որ քեզ կհրավիրեն հավաքական:
- Հոգու խորքում, բնականաբար, հույս ունեի, բայց չէի սպասում, որ դա կլինի այսքան շուտ:
- Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում դու լեգեոներ կհամարվես Ռուսաստանում: Տատանվո՞ւմ էիր հրավերն ընդունելիս:
- Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կայացրել եմ ճիշտ որոշում: Ինքս ինձ համար որոշել եմ, որ գնալու եմ մինչև վերջ: Ազգային հավաքականում խաղալը լրիվ ուրիշ մակարդակ է, միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի շանս, որը չի կարելի բաց թողնել: Բացի այդ, եթե ֆուտբոլիստն ուժեղ է, նա կգտնի իր տեղը հիմնական կազմում, նույնիսկ եթե լեգեոներ է:
- Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից:
- Ճիշտն ասած` մրցակցի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նրանց խաղերին չեմ հետևել: Իսկ Հայաստանի հավաքականի խաղերը, բնականաբար, դիտել եմ և արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե ինչպես են խաղում մեր ֆուտբոլիստները: Բայց այս հավաքի ընթացքում ինձ համար ամենակարևորը հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ծանոթանալն է ու թիմին հարմարվելը:
- Ինչպե՞ս ես գնահատում առաջիկա հանդիպմանը քո՝ խաղադաշտ դուրս գալու հնարավորությունները:
- Կարծում եմ՝ եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն որոշակի հույսեր է կապում ինձ հետ: Քանի որ հանդիպումն ընկերական է, նա, հավանաբար, բոլորին էլ խաղալու հնարավորություն կտա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը և ապացուցել, որ արժանի եմ` հանդես գալու Հայաստանի հավաքականում: