Րաֆֆի Հովհաննիսյան. Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին
30/01/2013 20:26

Րաֆֆի Հովհաննիսյան. Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին

Հերթական մարզային այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արմավիրում էր, որտեղ նրան ուղեկցում էին մի խումբ կամավորականներ և նախընտրական հանդիպումները լուսաբանելու առաքելություն իրականացնող լրագրողներ: Այս մասին հայտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը:

Քարոզարշավի երթուղին այս անգամ ներառում էր մարզի գյուղական բնակավայրերերից Շենիկը, Բագրատաշենը, Հացիկը, Վանանդը, Երվանդաշատը և Բագարանը:

Հանդիպումների ժամանակ նախագահի թեկնածուն մանրամասն ներկայացնում էր գյուղական համայնքների զարգացման և դրանց տնտեսական արդյունավետության բարձրացման իր մոտեցումները:

«Այսօր գյուղի համար նպաստավոր պայմաններ են հարկավոր՝ առաջին հերթին ներդրումային ու վարկային արտոնյալ ծրագրեր իրականացնելու, ֆերմերային տնտեսություններին զարկ տալու, կոոպերացիայի տարբեր ձևեր կիրառելու, մատչելի գյուղտեխնիկա և այլ կարգի սպասարկումներ ներդնելու, տեղական հիմքի վրա պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոլորտը լավագույնս կարգավորող օրենսդրական խարիսխ ստեղծելու առումով:

Մի խոսքով՝ պետությունը պետք է միշտ կանգնած լինի գյուղացու կողքին, քանզի գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում և, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- Շենիկում ասել է Հովհաննիսյանը:

Հավարտ իր ելույթի՝ թեկնածուն վստահություն հայտնեց, որ արմավիրցիները փետրվարի 18-ին ակտիվորեն կմասնակցեն նախագահական ընտրություններին և ազատ ու անկաշկանդ մթնոլորտում կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նաև Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի ազատագրության համար մղված Մեծ հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակին:

Րաֆֆի Հովհաննիսյան. Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին