.jpg)
Ռուբեն Թովմասյանը հիմա էլ հավատում է հայ-ադրբեջանական եղբայրությանը
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը Արցախյան հարցի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում: Այս մասին կոմկուսի ղեկավարն ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Aysor.am-ի հարցին ի պատասխան` Թովմասյանը, որպես հարցի լուծման գործնական քայլ, նշեց, որ եթե կոմկուսը գար իշխանության, ապա առաջին հերթին կամրապնդեր այն ձեռքբերումները, որոնք արդեն կան:
Թովմասյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ սպառնալից հայտարարություններին:
«Դա վայրենության նշան է: Ի՞նչ է նշանակում կրակել ինքնաթիռի վրա, որում խաղաղ բնակիչներ են: Այդ ռազմական հայտարարություններին ի պատասխան, ուղղակի պետք է մի օր նրանց գյամերը քաշել»,- ասաց Ռ. Թովմասյանը:
Այնուամենայնիվ, Կոմկուսի ղեկավարը նշեց, որ հիմա էլ շարունակում է հավատալ հայ-ադրբեջանական եղբայրությանը:
«Ես միշտ դեմ եմ եղել այդ ազգամիջյան պատերազմներին: Դրա համար էլ հարց եմ բարձրացրել և այդ հարցը լուրջ ընթացք է ստացել Ռուսաստանում` Գարբաչովին դատի տալու համար: Հայատյացությունը Ադրբեջանից պետք է հանվի: Իհարկե, հավատում եմ, որ հիմա էլ հնարավոր է հայ-ադրբեջանական եղբայրություն»,- ասաց Ռ. Թովմասյան ու ավելացրեց, որ ամեն դեպքում Հայաստանը պետք է հավերժ Ռուսաստանի հետ լինի:
«Դեռ Իսահակյանն է ժամանակին ասել` ռուսի մեկ կեղտոտ սապոգը, հազարավոր Վիլսոնների հետ չեմ փոխի»,- ասաց Հայաստանի գլխավոր կոմունիստը: