Ս. Սարգսյան. Արցախցու ազատ ապրելու իրավունքը և կամքը չի կոտրվելու երբեք
30/01/2013 18:56

Ս. Սարգսյան. Արցախցու ազատ ապրելու իրավունքը և կամքը չի կոտրվելու երբեք

«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ոգով. Այստեղ չի կարելի կտրուկ լինել, եթե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Այո, ապահով կարող է լինել միայն ուժեղ պետությունը՝ երկու ոտքով հողին ամուր կանգնած»,- ասաց նա:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝  նախագահի թեկնածուն ասաց, որ թեև Ադրբեջանի և Թուրքիայի ցինիկ կոչերն ավելի են սրում իրավիճակը տարածաշրջանում, սակայն. «Ես հավատում եմ, որ նրան, ինչին մենք հավատում ենք, հավատալու է նաև մեր թշնամին: Միևնույն է՝ Թուրքիան չի խուսափի Ցեղասպանության ճանաչումից, իսկ Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է համարժեք պատասխանի»,- ասաց Ս. Սարգսյանը՝ ընդգծելով, որ արցախցու ազատ ապրելու իրավունքը և կամքը չի կոտրվելու երբեք:

«Մենք չունենք թշնամի պետություններ, թշնամի ժողովուրդներ, սրանք լոկ խոսքեր չեն, սրանք կարող են լսելի լինել նաև սահմանից այն կողմ, և նույնիսկ նրանց վրա կարող է ազդել, ովքեր սեփական իշխանությունների կողմից ներարկված են թույնով»:

Եզրափակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն հավաստիացրեց, որ շատ շուտով բոլորն ապրելու են ապահով Հայաստանում: 

Ս. Սարգսյան. Արցախցու ազատ ապրելու իրավունքը և կամքը չի կոտրվելու երբեք