Փորձագետ. Թեկնածուների PR-ը պետք է բխի տվյալ հասարակության մտածելակերպից
07/02/2013 11:00

Փորձագետ. Թեկնածուների PR-ը պետք է բխի տվյալ հասարակության մտածելակերպից

Թեկնածուների PR-ը պետք է բխի տվյալ հասարակության մտածելակերպից: Երբ թեկնածուներից մեկը օրինակ գնում է վարսավիրանոց կամ ձեռքով բարևում մարդկանց, հայ հասարակությունը չի ընկալում դա և նրանց մոտ այդ ամենն արհեստական բնույթ է կրում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահի թեկնածուների կիրառած PR տեխնոլոգիաների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևորն այն է, որ մարդը քեզ ձայն տա. Դու կարող ես նրան ձեռքով բարևել, բայց դա չի նշանակում, որ քվեարկության օրը տվյալ մարդը, ով իրեն լավ է զգացել քո բարևելուց, իր ձայնը տալու է քեզ»,- նկատեց փորձագետը:

Խոսելով մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի հետ պատահած միջադեպի մասին՝ Ա. Բադալյանը նշեց . «Չգիտեմ, անսպասելի էր միջադեպը, թե չէ, սակայն այն տարօրինակ էր»:

«Ինձ համար տարօրինակ էր, որ միջադեպը միանգամից անվանվեց մահափորձ և ոչ հանցագործություն: Միջադեպը միանգամից մեծ աղմուկ հանեց, շրջանառության մեջ մտցվեց ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայությունների վարկածը, որոնց, եթե պետք էր մեկին վերացնել, գտնում էին նաև լեռներում, իսկ Հայրիկյանի դեպքում երևի նրանք քիլլերին ֆայլաբազարից էին գտել, ով չկարողացավ նույնիսկ 30 մետրից վերացնել Հայրիկյանին»,- ասաց փորձագետը և ընդգծեց, որ եթե իսկապես ցանկանային վերացնել Հայրիկյանին, ապա հաստատ կվերացնեին, քանի որ նա այն թեկնածուն չէր, որ ցանկանային հորիզոնից հանել:

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանին, փորձագետը ասաց, որ նա գերագնահատում է իր ծրագրի դերը: «Բագրատյանը Հարվարդի համալսարանի տնտեսագիտություն է բացատրում, սակայն դա հասարակությանը չի հետաքրքրում: Ծրագրերը մարդկանց հետաքրքրում էին 1990-ականներին, սակայն այսօր ծրագիրը բնավ չի հետաքրքրում մարդկանց»,- ասաց բանախոսը:

Ծրագիրը, նրա խոսքերով, առիթ է ընդամենը քեզ ներկայացնելու, ծրագրի միջոցով ընդամենը իմիջ պետք է ստեղծել, սակայն դա գերագնահատել պետք չէ:

Անդրադառնալով հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ Ա. Բադալյանը նկատեց, որ ժամանակը ցույց տվեց, որ հասարկությունը չի ճանաչում նրան:

«Նա մտածում է, որ հացադուլով ինչ-որ հարց է լուծում, սակայն իրականում այս հացադուլն աննպատակ է և որևէ հարց չի կարող լուծել»,- ասում է փորձագետը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա, քաղտեխնոլոգի խոսքերով, ընտրված նախագահ է, ով ընտրված է իր ռեսուրսների շնորհիվ:

«Նա ունի հզոր վարչաֆինանասական հնարավորւթյուն, ինչպես նաև՝ մեծ հնարավորություն է ՀՀ-ից բացակայողների ձայները, որը կազմում է մոտ 200 հազար ձայն»,- եզրափակեց խոսքը Ա. Բադալյանը:
 

Փորձագետ. Թեկնածուների PR-ը պետք է բխի տվյալ հասարակության մտածելակերպից