.jpg)
«ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են հաղթահարել Սիրիայի հարցով տարաձայնությունները»
Ֆրանսիական «Կրուա» թերթին տված հարցազրույցում Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ասել է, որ Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու ձգտումները, և այդ հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայությունները հնարավոր է լուծել:
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը հանդես են գալիս քաղաքական ճանապարհով խնդիրը լուծելու օգտին: Տարաձայնությունները վերաբերում են ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի ընդունման անհրաժեշտությանը»,- նշել է ՄԱԿ և ԱՊԼ դեսպանը՝ ավելացնելով, որ «դժվար է հաշտվել, որ ԱԽ-ն միջազգային լրջագույն ճգնաժամի ֆոնին այդքան երկար ժամանակ կաթվածահար վիճակում է գտնվում: Ամերիկան և Ռուսաստանը կարող են հաղթահարել իրենց տարաձայնությունները, քանի որ իրավիճակն այդքան խրթին չէ, ինչպես 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը: ԱԽ-ն պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը»:
Բրահիմի խոսքով՝ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարը նախագահ Բաշար Ասադի ճակատագիրն է: Ժնևի համաձայնությունը, որը ստորագրվել էր 2012 թվականի հունիսին, շրջանցել է Բաշար Ասադին տրվող դերը: «Այդ կառուցողական երկիմաստությունը անհրաժեշտ է վերացնել»,- ասել է Բրահիմին՝ հիշեցնելով, որ անցումային կառավարությունը ստանալու է ամբողջական գործադիր իշխանությունը և այլ իշխանություն չի լինելու:
Այդ անցումային կառավարությունը ղեկավարելու է երկիրը մինչև ընտրությունների անցկացումը: «Ուզում եմ ավելացնել, որ եթե խոսքը գնում է նախագահական հանրապետությունից խորհրդարանականին անցնելուն, ապա Բաշար Ասադի թեկնածության հարցը հանվելու է»,- նշել է դիվանագետը:
Լախդար Բրահիմին նաև խոսել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբի՝ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նախաձեռնության մասին: «Դա նրա անձնական նախաձեռնությունն է, որը ձեռնարկել է՝ ընդառաջ գնալով իր խմբի այլ մասնակիցների զանազան արձագանքերին»,- ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ առաջարկը դրական է ընդունվել ողջ միջազգային հանրության կողմից:
«Սակայն ալ-Խատիբի գործողությունները դեռ բավարար չեն քաղաքական կարգավորման գործընթաց սկսելու համար: Անհրաժեշտ է տեսնել ինչպես ընդդիմության ու նրա աջակիցների, այնպես էլ իշխանությունների ու նրանց սատարող երկրների արձագանքը»,- եզրափակել է Բրահիմին: