Հայրիկյանը քաղաքական հաշվարկների մեջ է. Դիմե՞լ ՍԴ, թե՞ սպասել
07/02/2013 19:35

Հայրիկյանը քաղաքական հաշվարկների մեջ է. Դիմե՞լ ՍԴ, թե՞ սպասել

«Դժվար է կարծել, թե մարդն իր առողջության գնով կարող էր գնալ քաղաքական գործարքի: Կարծում եմ, որ ոչ թե եղել է իմիտացիա, այլ` Հայրիկյանն իսկապես ստացել է հրազենային վնասվածք»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի, ինչպես նաև` իշխանությունների և Հայրիկյանի միջև, իբր, կնքված գործարքի վերաբերյալ շրջանառվող լուրերին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, ակնհայտ է, որ որոշ ուժեր իրադարձությունից կարողացան քաղաքական դիվիդենտներ քաղել և օգտագործել: «Ներկայում շրջանառության մեջ է դրվել, թե Հայրիկյանի և իշխանությունների միջև գործարք է կնքվել, և դա էլ ինչ-որ չափով հնարավոր է հասկանալ, որովհետև մահափորձն իսկապես տեղի է ունեցել շատ տարօրինակ հանգամանքներում և անգամ մահափորձ չի հիշեցնում: Բայց ինքս չեմ հավատում, որ մարդը կարող է իր առողջության գնով գնար նման քայլի, բայց նաև չես էլ կարող հավատալ, որ նման մակարդակով մահափորձի քայլ էր կատարվում, քանի որ արված է ոչ պրոֆեսիոնալ»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջական վիճակի վատթարացմանը և  ՍԴ հնարավոր դիմումին, Գ. Քեռյանը նկատեց, որ հնարավոր է` Հայրիկյանն այս հարցում էլ ունի իր քաղաքական հաշվարկները. «Գուցե սկզբնական շրջանում մտածել է, որ մահափորձից հետո իմիջի բարձրացում է եղել, և գուցե հիմա այն կարծիքին է, որ դա բավարար չէ ու անհրաժեշտ է ավելի իմջի բարձրացում, իսկ դա հնարավոր է, ասենք, նոր քարոզարշավի միջոցով»,- մանրամասնեց Գ. Քեռյանը:

Հարցին, թե, եթե նոր ընտրություններ նշանակվեն կամ 15 օրով հետաձգվեն, արդյոք այդ դեպքում վարկանիշն անկում չի ապրի և հակառակ էֆեկտ չի ունենա, Գ. Քեռյանը հիշեց ժողովրդական ասացվածքը, թե երկաթը տաք-տաք են ծեծում. «Այս դեպքում Հայրիկյանի իմիջի բարձրացումը կուլմինացիոն կետում է, որովհետև ներկայում շատ ավելի երկար խոսվեց և քննարկվեց նրա հարցը, իսկ մյուս թեկնածուները մնացին ստվերում»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ հետագա 15 օրերի հետաձգումը, իր կարծիքով, քաղաքական տեսանկյունից բերելու է վարկանիշի իջեցման:
 

Հայրիկյանը քաղաքական հաշվարկների մեջ է. Դիմե՞լ ՍԴ, թե՞ սպասել