Մարդկանց հետաքրքրում է ոչ թե ընտրությունը, այլ` ետկուլիսային գործընթացները
07/02/2013 15:53

Մարդկանց հետաքրքրում է ոչ թե ընտրությունը, այլ` ետկուլիսային գործընթացները

«Բոլորը հասկանում էին, որ առաջադրված թեկնածուների շարքում հանձինս գործող նախագահի, կա բացահայտ առաջատար: Կա ևս երկու թեկնածու` Րաֆֆի Հավհաննիսյան և Հրանտ Բագրատյան, որոնք հայտնի լինելով քաղաքական բեմի վրա, հանդես են գալիս որպես քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, և կան թեկնածուներ, որոնք, այսպես ասած, առաջադրվում են`  առաջադրվելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահական ընտրությունների և առաջադրված թեկնածուների հնարավորւթյունների մասին, նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Վերլուծելիս  թեկնածուների կողմից առաջադրվող նախընտրական ծրագրերը՝ քաղաքագետը նկատեց, որ ակնհայտ է դառնում  թեկնածուների` ընտրությունների մասնակցության լրջության մակարդակը. «Թեկնածուների մի մասը, չներկայացնելով նախընտրական ծրագրեր և խոսելով ոչ այնքան բովանդակության, որքան հենց ընտրարշավի մասին, մասնակցում են զուտ մասնակցելու համար»:

Խոսելով մյուս թեկնածուների խմբի մասին` քաղաքագետն ընդգծեց, որ նրանք փորձում են անձերի բանավեճը դարձնել քաղաքական ծրագրերի, գաղափարների բանավեճ:

Ասուլիսին մասնակից  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր հերթին ասաց, որ հասարակությանն ավելի շատ հետաքրքրում են ոչ թե բուն ընտրություններնը, այլ` ընտրական և նախընտրական գործընթացի շուրջ ծավալվող զարգացումները: 

«Բոլորը դժգոհում են, որ ընտրությունները հետաքրքիր չեն, սակայն իրականում սոցցանցերում բոլոր քննարկումները հենց այս թեմայով են: Դրանք քաղաքական քննարկումներ չեն: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է կուլիսներից այն կողմ ընթացող գործընթացները»,- ասաց մեդիափորձագետը:

Մարդկանց հետաքրքրում է ոչ թե ընտրությունը, այլ` ետկուլիսային գործընթացները