ԱԺ պատգամավորները ստացան «Ռուսհամագործակցության» Պատվո նշան և դիպլոմներ
07/02/2013 20:47

ԱԺ պատգամավորները ստացան «Ռուսհամագործակցության» Պատվո նշան և դիպլոմներ

Այսօր Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների հաձնվել են «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության Պատվո նշան և դիպլոմներ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացված «Հայաստանում ռուսական խոսքի 5-րդ օրերին» գործուն մասնակցության համար «Բարեկամության և համագործակցության» Պատվո նշանով պարգևատրվել են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատվոգրեր են շնորհվել պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արթուր Գևորգյանին, Արամ Մանուկյանին, Ռուզաննա Մուրադյանին և Կարինե Պողոսյանին:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ կատարված աշխատանքը վառ վկայությունն է Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ ունեցած հոգատար և շահագրգիռ մոտեցման: Նրա խոսքով՝ ռուսաց լեզուն ոչ միայն մեծ տեր է խաղացել ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, այլև նպաստել է հայ ժողովրդի հաղորդակցմանը ռուսական ու համաշխարհային մշակույթին, ինչպես նաև՝ հայկական մշակույթի գանձերի տարածմանը Ռուսաստանում և նրա սահմաններից շատ հեռու: Որպես հայ-ռուսական միջխոհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության դերակատարությունը երկու երկրների միջև կապերի խորացման և Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման ու տարածման գործում:

Շնորհավորելով խորհրդարանականներին բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ, ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրանք հետագայում ևս աշխույժ մասնակցություն կունենան երկկողմ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Պատվո նշանն ու դիպլոմները պատգամավորներին է հաձնել «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Չեսնոկովը, ով բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ու մասնագտների ունեցած ներդրումը ռուսաց լեզվի տարածման գործում:
 

ԱԺ պատգամավորները ստացան «Ռուսհամագործակցության» Պատվո նշան և դիպլոմներ