.jpg)
Նախագահի թեկնածու. Մենք դեմ ենք տարածաշրջանում նոր բաժանարար գծերին
Արաբկիրցիներն այսօր հնարավորւթյուն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել վարչական շրջան այցելած ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Այպես` հարցերից մեկը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին: Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենց խնդիրը հետևայալն է` անել այնպես, որ սիրիահայերը օր առաջ ինտեգրվեն մեր հասարակությանը. «Մենք օժանդակում ենք նաև այն սիրիահայերին, ովքեր մնացել են Սիրիայում. այդ օժանդակությունը շարունակական է լինելու: Դպրոցներում պայմաններ են ստեղծվել սիրիահայ երեխաների ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար»,- ասաց թեկնածուն` ընդգծելով, որ պետք է աջակցել սիրիահայերին, հակառակ պարագայում «մենք չենք կարող հայտարարել, որ մենք համայն հայության հայրենիքն ենք»:
Մեկ այլ հարց վերաբերվում էր ՀՀ արտաքին քաղաքական ուղենիշներին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է անդամագրվի Եվրազեսին կամ Եվրամիությանը, ինչին թեկնածուն պատասխանեց` նշելով, որ բոլոր կառույցներից պետք է քաղել այն օգտակարը, որը կարող են տրամադրել այդ կազմակերպությունները:
«Մենք դեմ ենք, որ տարածաշրջանում առաջանան նոր բաժանարար գծեր, և պետք չէ այդ հարցը դիտարկել սև-սպիտակ հարթությունում: Եվրասիական միությունը դեռևս չկա. երբ այն ստեղծվի, կսկսենք քննարկել այդ կազմակերպությանն անդամակցության հարցը»,- ասաց նախագահի թեկնածուն և հարցրեց. «Մենք ինչո՞ւ ենք ուզում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»:
Եզրափակելով խոսքը` Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ հայտարարել են Եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին, սակայն դա չի նշանակում, որ «մենք վազելու ենք և մտնենք ՆԱՏՕ»: