«Երգը բարեկամության կամուրջ է». Արդյունքներն ամփոփվեցին
07/02/2013 20:54

«Երգը բարեկամության կամուրջ է». Արդյունքներն ամփոփվեցին

Այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ամփոփվեցին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ընթացող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի արդյունքները:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փառատոնի անցկացմանը աջակցելու համար:

«Երկու տարի առաջ, երբ մենք ամփոփում էինք փառատոնի արդյունքները, պայմանավորվեցինք այն դարձնել ավանդույթ: Փառատոնի նպատակը մատաղ սերնդին ռուս ժողովրդի մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն էր, ինչպես նաև՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդումը: Այն նաև օգնեց ի հայտ բերել տաղանդավոր երեխաների»,- ասաց Ա. Աբրահամյանը՝ նշելով, որ նախանշված նպատակները գերազանցել են կազմակերպիչների սպասելիքները:

Փառատոնի մասնակիցներից 19-ը արժանացել են դափնեկրի կոչման, 8-ը` հատուկ մրցանակի: Նրանց մրցանակները հանձնեցին Արթուր Չիլինգարովը և Վյաչեսլավ Կովալենկոն:

Փառատոնի ընթացքում հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում անց են կացվել ռուսական երգի մրցույթներ, ռուսաց մշակույթի և ռուսաց լեզվի օրեր, որոնց շրջանակներում մոտ 400 հազար դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվել են ռուսական լեզվամշակութային արժեքներին վերաբերող մոտ 10.000 միջոցառում, և շուրջ 7.000 հոգի հաղթող է ճանաչվել ռուսական երգի մրցույթում:

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական դպրոցներում փառատոնի շրջանակում անցկացվել են ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի օրեր, որի շրջանակում կազմակերպվել են ռուսական պոեզիայի երեկոներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսաց լեզվի բաց դասեր, լեզվի վարպետության դասեր և ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ: Նախատեսված 5 անվանակարգում յուրաքանչյուր դպրոցից ընտրվել են 5-ական մասնակիցներ։ 5 օր անընդմեջ կազմակերպել են մրցույթ-համերգներ Երևանի Շահումյանի անվան դպրոցում։

Ծրագրի երկրորդ փուլն իրականցվել է մարզկենտրոններում նոյեմբերի 1-30-ը։ Դեկտեմբերի 4-ին Երևանում տեղի է ունեցել մայրաքաղաքի դպրոցների մասնակիցների եզրափակիչ փուլը, որտեղ ընտրված 46 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 20-ը: Նրանք հանրապետական փուլում կներկայացնեն Երևանը։ Հանրապետական երկրորդ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին` Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:

2012 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկած փառատոնն իրականացվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի և «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ։ 

«Երգը բարեկամության կամուրջ է». Արդյունքներն ամփոփվեցին