ԼՂՀ մրցակցային մարմինը համալրվեց վերազինված համակարգչային սրահով
07/02/2013 20:30

ԼՂՀ մրցակցային մարմինը համալրվեց վերազինված համակարգչային սրահով

Այսօր ԼՂՀ կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Հ. Ղահրամանյանը ընդգծել է, որ երկու Հանձնաժողովների համագործակցությունն իսկապես բավականին արդյունավետ է և իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց կառույցին ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը ԼՂՀ գործընկերներին աջակցում է նաև տեխնիկական վերազինման հարցում: Այսօր ԼՂՀ Հանձնաժողովում տեղի է ունեցել նաև նոր համակարգիչներով համալրված դահլիճի բացումը: Գործարկվել է նոր տեղեկատվական բազան, որը հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն ինչպես համատեղ իրականացվող վարույթների շրջանակում ուսումնասիրվող շուկաների, այնպես էլ միջազգային գների վերաբերյալ:

Հ. Ղահրամանյանն իր գոհունակությունը հայտնեց և կարևորեց ժամանակակից տեղեկատվական բազա ունենալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն օգտակար է ոչ միայն Հանձնաժողովի մասնագետների, այլ նաև ողջ Արցախի շահագրգիռ կառույցների և անհատների համար, ովքեր կարող են այցելել Հանձնաժողով, օգտվել տեղեկատվական հարուստ բազայից և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան:

Ա. Շաբոյանը նշեց նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը կշարունակի օժանդակել, որպեսզի ԼՂՀ մրցակցային հանձնաժողովի մասնագետները մասնակցեն միջազգային տարբեր սեմինարներին և համաժողովներին, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող տարբեր դասընթացներին: 

ԼՂՀ մրցակցային մարմինը համալրվեց վերազինված համակարգչային սրահով