Փորձագետ. Հայրիկյանը դառնում է ծաղրի առարկա
08/02/2013 20:17

Փորձագետ. Հայրիկյանը դառնում է ծաղրի առարկա

«Եթե նույնիսկ Հայրիկյանն օգտագործում է PR տեխնոլոգիա, ապա դա անպայման կազդի իր իմիջի վրա»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փոփոխական վարքագծի մասին, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հասարկության յուրաքանչյուր անձ, քաղտեխնոլոգի խոսքով, փոփոխական միտք ունեցող մարդկանց շատ ավելի քիչ է հարգում, քան այն մարդկանց, ովքեր, ասենք, չեն ունենում իրենց սեփական կարծիքը, միևնույն ժամանակ, սակայն, չեն շեղվում իրենց ասածից:

«Եթե նույնիսկ, իսկապես, վատացել է Հայրիկյանի ինքնազգացողությունը, ապա նա չպետք է այսքան շատ շահարկեր ՍԴ դիմելու իր քայլը: Իսկ իր վարկանիշը կընկնի, քանի որ օր ու մեջ փոշմանում է` դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ»,- ասաց Կ. Քոչարյանը:

Հարցին, թե ի՞նչ է շահում կամ ի՞նչ է ուզում այս ամենից Հայրիկյանը, Կ. Քոչարյանը նկատեց, որ դա ժամանակը ցույց կտա. «Դուք շատ ճիշտ ասեցիք, ինքը ոչ թե շահում է, այլ` ուզում»:

Անդրադառնալով սկզբնական ցուցմունքներում Հայրիկյանի նշած սլավոնական արտաքինով հանցագործին` Կ. Քոչարյանը հեգնանքով նշեց. «Ահավո~ր սլավոնական արտաքին ունին այն երիտասարդները, որոնց նկարներն այսօր տարածեց ԱԱԾ-ն: Նույնիսկ նրանց շատ դժվար էր շփոթել այլ ռասսաների հետ, նրանք այնքա~ն սլավոնական ռուս էին…»:

Հարցին, թե դա ի՞նչ կարող է նշանակել, քաղտեխնոլոգը նկատեց, որ իրեն քաղաքական գործիչ համարող մարդն իրավունք չունի քիթը խոթել իրավական հարթություն, եթե նույնիսկ հարցն իրեն է վերաբերում. «Դա թող բոլորին դաս լինի, որ հետո չդարձառնան ծաղրի առարկա»:
 

Փորձագետ. Հայրիկյանը դառնում է ծաղրի առարկա