.jpg)
ԵԽԽՎ-ն մտահոգ է Ադրբեջանում տեղի ունեցած ձերբակալությունների առնչությամբ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունթը ու Ջոզեֆ Գրեշն իրենց խորը մտահոգությունն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած ձերբակալությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Վերջին շրջանում շատ մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Ադրբեջանում իրականցվող անարդար դատավարությունների և ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել ձերբակալվածների և կալանավորվածների դատական գործերը, և դրանք քննել մարդու իրավունքների նորմերին համապատասխան: Անհրաժեշտ է ստուգել ազատազրկման վայրերում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին տեղեկությունները և պատժել բոլոր մեղավորներին»,- նշված է զեկույցում:
«Բողոքի ակցիաներից օրեր անց տեղի ունեցած ձերբակալությունները լուրջ կասկածի տակ են առնում դրանց օրինականությունը: Մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին օրինական հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել` այդ ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու համար»,- նշվում է զեկույցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համազեկուցողները Բաքվին կոչ են արել դատավարությունների ժամանակ արդարություն, իսկ հետաքննությունների ժամանակ՝ անաչառություն ապահովել:
«Հավաքների և խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են, որոնք պետք է երաշխավորվեն ԵԽԽՎ-ի յուրաքանչյուր անդամ երկրում»,- նշել են վերջիններս: