.jpg)
Ս. Սարգսյան. Դեղատներում սոցբաժիններ կբացվեն. Դեղերը 30-35 % էժան կլինեն
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց ընտրողների հետ:
Դիմելով ներկաներին՝ նա ասաց, որ այսպիսի հանդիպումները նոր լիցք ու վստահություն են հաղորդում ու թույլ են տալիս սրբագրել իրենց ծրագրերը:
Նրա խոսքով՝ ՀՀ գյուղերում ու քաղաքներում, տարբեր համայքներում իրենք ներկայացնում են իրենց ծրագրեը, որոնք ընդգրկում են մշակույթից մինչև արդարադատություն ընկած ոլորտները. «Մեր բարեփոխումները փոխադարձաբար լրացնում են միմյանց»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ առողջապահության ոլորտի իրենց բարեփոխումներն ընթացքի մեջ են, և դեռևս լուրջ անելիքներ կան: Նրա խոսքով՝ մայրական առողջությունն ու առողջ սերունդը լինելու են իրենց ուշադրության կենտրոնում:
Սերժ Սարգսյանը նշեց, որ վերարտադրողական առողջության և ծնելիության հետ կապված ծառայությունները պետք է հասանելի լինեն հասարակությանը:
Նա ասաց, որ ծնելիությունը խթանելու համար ներդրվելու է մայրական կապիտալի գաղափարը՝ 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում լինելու է խրախուսական աջակցույուն:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ բազմազավակ ընտանիքները դիտվելու են որպես հասարակության կարևորագույն օղակ:
ՀՀ նախագահի թեկնածուն նաև ասաց, որ այս տարի ընդլայնվել են առողջապահության ոլորտի ապահովագրական ծառայությունները և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու:
«Մարզերոմ իրականացվել են հիվանդանոցների վերակառուցման և վերազինման աշխատանքներ, առաջիկա 3-4 ամիսներին մեր դեղատներում հիմնվելու են սոցիալական բաժիններ, որտեղ դեղերը 30-35 տոկոս ավելի էժան են լինելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի թեկնածուի խոսքով՝ այս ծրագրերն անհիմն կամ պոպուլիստական հայտարարություններ չեն, այլ՝ հաշվարկված ու պատրաստ են իրականացման համար: