.jpg)
Վարդան Մինասյան. «Մենք փորձում ենք լուծել գուցե առավել կարևոր խնդիրներ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին, և այն մենք մեր ընթերցողներին ենք ներկայացնում ամբողջությամբ:
- Պարոն Մինասյան, խոսենք Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպման մասին: Ինչպիսի՞ն է Ձեր ընդհանուր գնահատականը:
- Գիտեք, եթե պաշտոնական խաղերի ժամանակ մեր միակ նպատակը խաղի արդյունքն է, և հաղթելը կարևոր է, ապա ընկերական հանդիպումներում փորձում ենք լուծել նաև այլ, գուցե առավել կարևոր խնդիրներ: Եթե խոսենք կոնկրետ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպման մասին, ապա կային երեք շատ կարևոր գործոններ: Առաջին հերթին` ունեինք նորեկներ, որոնց պետք է փորձարկեինք: Երկրորդ` կային խնդրահարույց դիրքեր, որոնց վրա պետք է աշխատեինք և ուշադրություն դարձնեինք, երրորդ` քանի որ հավաքականն այնքան էլ հաճախ չի հավաքվում, սա ևս մեկ հնարավորություն էր` տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ և փորձելու վերականգնել համագործակցությունն օղակների միջև: Այս գործոններից ելնելով` արդյունքը կարող էր մղվել երկրորդական պլան, չնայած, անկախ դրանից, ես դեռևս նախախաղային առաջադրանքի ժամանակ տղաներին ասացի, որ այս խաղում հաղթելը շատ կարևոր է, քանի որ դա լրացուցիչ վստահություն է հաղորդում թիմին: Խաղացողների մոտ պետք է միշտ առկա լինի հաղթողի հոգեբանությունը, անկախ նրանից, թե որ թիմի դեմ են խաղում:
- Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հավաքականին:
- Հիմնական պատճառն այն էր, որ բոլոր խաղացողները, բացառությամբ, թերևս, Հենրիխ Մխիթարյանի, առայժմ իրենց լավագույն մարզավիճակում չեն, քանի որ դեռևս նախապատրաստական փուլում են իրենց ակումբներում: Երբ ես համեմատում եմ թեկուզ անցյալ տարվա հետ, երբ մենք խաղացինք Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ, այն ժամանակ խաղացողների ֆունկցիոնալ վիճակը շատ ավելի բարենպաստ էր, քանի որ խաղում էինք փետրվարի վերջին, իսկ նախապատրաստական փուլում նույնիսկ մի քանի շաբաթը շատ կարևոր է` լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Բայց, իհարկե, սա արդարացում չէ, և խաղից հետո էլ տղաներին ասացի, որ անկախ վերոնշյալ հանգամանքներից և նույնիսկ հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգում առաջնությունն ընթացքի մեջ է, մենք պետք է հաղթեինք այդ թիմին:
- Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Հայաստանի հավաքականը դժվարանում խաղալ այնպիսի թիմերի դեմ, որոնք պաշտպանվում են մեծ ուժերով:
- Բնականաբար, ցանկալի է այդպիսի թիմերի դեմ խաղում արագ գոլ խփել, որպեսզի նրանք մի փոքր «բացվեն»: Չնայած Անդորրայի հավաքականի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ սեփական դարպասն ընդունած գոլը կարող է չստիպել թիմին դա անել: Իսկ, ընդհանրապես, զանգվածային պաշտպանության դեմ խաղալիս խնդիրներ են ունենում նույնիսկ կարգով ավելի բարձր թիմերը: Անկախ դրանից, մեր հարձակման գծի ֆուտբոլիստները կարողանում էին կարճ փոխանցումներով դուրս գալ մրցակցի պաշտպանների հսկողությունից, ուղղակի եզրափակիչ փուլում ամեն ինչ չէ, որ ստացվում էր:
- Անդրադառնանք խաղային տարբեր դիրքերի առանձին-առանձին: Ինչո՞ւ չփորձարկվեց Արսեն Բեգլարյանը, իսկ Ռոման Բերեզովսկին անցկացրեց ամբողջ հանդիպումը:
- Նախ և առաջ ասեմ, որ Արսեն Բեգլարյանի համար հավաքականի տղաների կողքին մարզվելը, նրանց հետ մի քանի օր անցկացնելն արդեն մեծ փորձառություն էր: Հրավիրելով նրան այս հավաքին՝ մենք նպատակ ունեինք ծանոթանալ նրա ոչ միայն խաղային, այլև մարդկային որակներին, թե ինչպես է շփվում խաղընկերների հետ, ինչպես է իրեն պահում այս կամ այն իրավիճակում: Եվ պետք է ասել, որ Արսենը լավ տպավորություն թողեց՝ հատկապես հաշվի առնելով, որ ես նրան մոտիկից չէի ճանաչում և տեսել էի միայն խաղալիս: Կարծում եմ, որ Արսեն Բեգլարյանը հեռանկարային դարպասապահ է, բայց դեռ պետք է ամրապնդվի երիտասարդական հավաքականում: Կասպարովի խաղային որակներին շատ լավ ծանոթ եմ, և նրան փորձարկելու իմաստ չկար: Իսկ ինչ վերաբերվում է Ռոման Բերեզովսկուն, նա է թիմի հիմնական դարպասապահը, և եթե հրավիրվում է հավաքական, հենց ինքն էլ խաղում է: Ինձ համար շատ կարևոր է, որ նա մշտապես լինի հավաքականում, քանի որ շատ փորձառու խաղացող է և կարևոր դերակատարում ունի թիմում: Նույն կերպ կարող եմ բացատրել նաև այն, որ որակազրկված խաղացողները՝ Հրայր Մկոյանը, Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը, հրավիրվել էին այս հավաքին: Ինձ համար կարևոր է, որ հավաքականի հիմնական կազմի խաղացողները մշտապես լինեն հավաքականի մյուս տղաների հետ:
- Իսկ ի՞նչ կասեք պաշտպանության եզրերում առկա խնդիրների մասին:
- Այս խաղում այդ դիրքում խաղացին երկու ֆուտբոլիստներ, բայց հնարավոր է՝ հաջորդ խաղում նույն դիրքում մեկ այլ ֆուտբոլիստ հանդես գա: Եթե հիշում եք, նախորդ տարվա վերջում ես ասացի, որ հնարավոր է այդ դիրքում խաղացնենք նաև կիսապաշտպանի: Նկատի ունեի Կամո Հովհաննիսյանին, որովհետև նրա խաղային որակները թույլ են տալիս խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում, սակայն քանի որ ունենք նաև ձախ պաշտպանի խնդիր, Կամոն տեղափոխվեց այդ եզր: Եթե փորձենք ավելի կարճ ձևակերպել, պաշտպանության աջ թևի խնդիրը դեռ բաց է մնում: Իսկ ձախ պաշտպանի դիրքի համար կա ևս մեկ թեկնածու՝ «Գանձասարում» հանդես եկող Արթուր Ավագյանը, որի կարողություններին մենք դեռ պետք է ավելի մոտիկից ծանոթանանք:
- Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Արտյոմ Խաչատուրովի խաղից:
- Իհարկե, մեկ խաղով դժվար է կարծիք կազմել, բայց նա ունի շատ լավ որակներ, բավական երիտասարդ է և մեր կողմից շարունակվելու է դիտարկվել որպես հավաքականի թեկնածու: Նա բավական լավ է վարվում գնդակի հետ և տիրապետում է առաջին փոխանցման: Կարծում եմ, որ կարող է օգտակար լինել մեր հավաքականին: Պակաս կարևոր չէ նաև այն, որ ունի մարդկային լավ որակներ. շատ շուտ մերվեց թիմին և, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն թողեց:
- Ի՞նչ կասեք Կարեն Մուրադյանի մասին:
- Կարենը նույնպես լավ տպավորություն թողեց: Առաջին 20 րոպեներին մի փոքր հուզմունք կար նրա գործողություններում, բայց դա բնական է, քանի որ դա նրա առաջին խաղն էր ազգային հավաքականում: Երկրորդ խաղակեսում նրա խաղն ավելի հուսադրող էր:
- Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Չեխիայի հավաքականի դեմ խաղում կտեսնենք կենտրոնական կիսապաշտպանների նույն զույգը՝ Կարեն Մուրադյան և Հենրիխ Մխիթարյան:
- Դժվար հարց է: Բնականաբար, կցանկանայի, որպեսզի ունենայինք Կառլեն Մկրտչյանին և Արթուր Եդիգարյանին համարժեք երկու հենակետային և հիմա մտածեինք, թե Հենրիխ Մխիթարյանին որ դիրքում խաղացնենք, բայց, ցավոք, այդպիսի ընտրություն չունենք: Հետևաբար, այս պահի դրությամբ կարծում եմ, որ ամենահարմարը հենց Ձեր նշած տարբերակն է: Հնարավոր է, սակայն, որ մինչև չեխերի հետ հանդիպումը ինչ-որ բան փոխվի: Մենք պետք է հասկանանք, որ Հենրիխ Մխիթարյանի՝ հենակետայինի դիրքում խաղալը հարաբերական է, քանի որ նա ավելի շատ միտված է դեպի մրցակցի դարպասը:
- Իսկ հնարավո՞ր է, որ այդ դիրքում փորձարկեք Արտյոմ Խաչատուրովին:
- Մենք մտածում էինք այդ ուղղությամբ, բայց թե մարզումներից ելնելով, թե անձամբ ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո հասկացանք, որ իր համար առավել հոգեհարազատ է կենտրոնական պաշտպանի դիրքը:
- Ի՞նչ կասեք մեր մյուս նորեկի` Նորայր Ասլանյանի մասին:
- Շատ կարևոր է, որ Ասլանյանը հավաքական եկավ մեծ ցանկությամբ և հեշտությամբ մերվեց թիմի խաղացողների հետ, բայց կարծում եմ` իրեն դեռ ժամանակ է պետք` հավաքականի խաղաոճին հարմարվելու համար, և մենք նրան կտանք այդ ժամանակը: Խաղից հետո էլ ես նրան ասացի, որ մշտապես հետևելու ենք իրեն և դիտարկելու ենք որպես հավաքականի թեկնածու: Ի դեպ, ես գիտեմ, որ նա իր ակումբում խաղում է նաև կենտրոնում, բայց քանի որ մեր հավաքականում այդ դիրքում խաղացողն ավելի շատ խաղ կազմակերպողի ֆունկցիա է կատարում, իսկ իր ակումբում՝ ավելի շատ երկրորդ հարձակվողի, նպատակահարմար գտանք նրան խաղացնել եզրում: Բացի այդ, նա ինքն էլ նշեց, որ իրեն ավելի լավ է զգում եզրում խաղալիս:
- Ինչպե՞ս եք գնահատում Էդգար Մանուչարյանի խաղը հարձակվողի դիրքում:
- Բոլորս էլ գիտենք, որ Էդգար Մանուչարյանն առաջին հերթին հենց հարձակվող է և հենց այդ դիրքում է սկսել խաղալ: Հետո, երբ նա տեղափոխվեց «Այաքս», սկսեց հանդես գալ աջ հարձակվողի դիրքում: Մանուչարյանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է երկու դիրքում էլ հաջողությամբ խաղալ: Ուղղակի աջ կիսապաշտպանի դիրքում խաղալիս ստիպված է նաև ավելի շատ պաշտպանվել, իսկ դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Նույն խնդիրն ուներ նաև Արաս Օզբիլիսը, քանի որ, ինչպես և Մանուչարյանը «Այաքսում», այնպես էլ Արասը, խաղում էր ոչ թե աջ կիսապաշտպանի, այլ աջ հարձակվողի դիրքում, իսկ այդ երկու դիրքերի խաղացողների ֆունկցիաները տարբեր են: Բայց, ինչպես ես, այնպես էլ «Կուբանի» մարզիչները պահանջում են, որպեսզի Արասն ուշադրություն դարձնի նաև պաշտպանական գործողություններին, և պետք է ասել, որ նրա խաղում այդ առումով լուրջ առաջընթաց կա:
- Ինչպե՞ս է շարունակվելու Չեխիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստությունը:
- Նախ և առաջ, մենք պետք է հասկանանք, թե ինչ մարտավարությամբ է խաղալու Չեխիայի հավաքականը, իսկ դա կախված է այն բանից, թե ովքեր կխաղան կենտրոնում: Ինձ համար հետաքրքիր էր, որ Թուրքիայի հավաքականի հետ խաղում բացակայում էին նրանց մի քանի առանցքային խաղացողներ, ուստի մենք պետք է լավ ուսումնասիրենք մրցակցին և հասկանանք՝ արդյոք մարզիչն ուղղակի փորձարկումնե՞ր էր կատարում, թե՞ հնարավոր է, որ մեր դեմ թիմը խաղա մի փոքր փոփոխված կազմով, որովհետև հատկապես հարձակման գծում կային խաղացողներ, որոնց անուններն ինձ ծանոթ չէին: Ինչ վերաբերում է մեր ծրագրերին, այս անգամ որոշել ենք հավաքն սկսել մարտի 19-ին, իսկ մարտի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնենք Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ և կփորձենք վերջնականապես կողմնորոշվել կազմի հարցում:
- Միխաիլ Մարկոսովը կհրավիրվի՞ հավաքական Չեխիայի դեմ խաղին:
- Ինչպես գիտեք, Մարկոսովը հրավիրվել էր նաև Վալանս, բայց շատ ափսոս, որ տեխնիկական պատճառներով չկարողացավ միանալ մեզ Վալանսում: Ես նույնիսկ կողմ էի, որ նա ուշացումով գար, թեկուզ մի քանի րոպեով մտներ խաղադաշտ կամ գոնե ծանոթանար հավաքականի խաղացողների հետ, բայց, ցավոք, չստացվեց: Ամեն դեպքում` ես ասել եմ իրեն, որ մենք շարունակում ենք նրան դիտարկել որպես հավաքականի թեկնածու, և մոտակա հավաքին նա անպայման կհրավիրվի:
- Ի՞նչ կասեք Էդգար Մալաքյանի և Զավեն Բադոյանի մասին, ովքեր այս անգամ չէին հրավիրվել հավաքական:
- Երկուսն էլ շարունակում են մնալ հավաքականի լիիրավ անդամներ և հետագայում անպայման հրավիրվելու են ազգային թիմ: Ուղղակի կա խաղացողների որոշակի քանակ, և այս անգամ մենք նպատակահարմար էինք գտել եզրային կիսապաշտպանի դիրքում փորձարկել Նորայր Ասլանյանին:
- Կա՞ն այլ խաղացողներ, ովքեր, հնարավոր է, հրավիրվեն չեխերի հետ հանդիպմանը:
- Մոտակա հավաքին մենք նախատեսում ենք հրավիրել «Հանզայում» հանդես եկող Սարգիս Ադամյանին, բայց առայժմ՝ երիտասարդական հավաքական: Եթե նա դրսևորի իրեն լավագույն կողմերով, հնարավոր է, որ հրավիրվի նաև ազգային հավաքական: Չի բացառվում, որ հավաքական հրավիրվեն նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողներ, ովքեր կհասցնեն իրենց լավ դրսևորել մինչև չեխերի հետ հանդիպումը: Ընդհանրապես, ես կցանկանայի նշել, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում խաղացող բոլոր ֆուտբոլիստներին և ցանկանում ենք բոլորին էլ շանս տալ, բայց պետք է հասկանալ, որ պարտադիր չէ, որ մեկ գոլ խփող կամ մի փոքր աչքի ընկնող ֆուտբոլիստն անպայման հրավիրվի ազգային թիմ: Հավաքականը բոլորովին այլ մակարդակ է, և այստեղ պետք է խաղան լավագույններից լավագույնները: