Չինարիի գյուղապետ. Գյուղի ջահելությունը հենա` գյուղամեջումն ա
12/02/2013 23:07

Չինարիի գյուղապետ. Գյուղի ջահելությունը հենա` գյուղամեջումն ա

Մինչ մայրաքաղաքում բոլոր հնարավոր ուժերն, անհատներն ու կազմակերպությունները քննարկում են ընտրությունների ամսաթիվը, խոսում դրանց հետաձգվել-չհետաձգվելուց, սահմանային գյուղերում մարդիկ այդ բանավեճերին հետևելու համար հեռուստացույց էլ չեն միացնում: Սահմանամերձ գյուղում ուշ ժամի միացված հեռուստացույցի լույսը պոտենցիալ թիրախ է թշնամու համար:

Արդեն քանի օր է` խոսվում է Տավուշի սահմանամերձ գյուղերում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Զոհ էլ ունեցանք` երեք անչափահաս երեխաների հայր էր, 37 տարեկան:

Այսօր էլ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գրառումներ թողեցին, որ հիմա էլ Չինարիում է անհանգիստ: Սեփական փորձից գիտեմ` սահմանամերձ գյուղերում Ֆեյսբուքը չեն սիրում: Սահմանամերձ գյուղերի գյուղապետերը լրագրողների հետ զրույցներում միայն մի բան են խնդրում` էդ ձեր Ֆեյսբուքներում քիչ խուճապ բարձրացրեք, ավելի լավ է մեզ դուխ տվեք, որովհետև սովոր ենք ու ոչ մի տեղ էլ չենք պատրաստվում հեռանալ:

Րոպեներ առաջ կապվեցի Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանի հետ: Գյուղապեն ասաց, որ հիմա գյուղում խաղաղ է ու ավելացրեց` խաղաղը սահմանին մի քիչ այլ տեսք ու նշանակություն է ունենում:

Սողոյանի խոսքով` ցերեկն իսկապես կրակել են ու նշանակալի է այն, որ բացի ԴՇԿ կոչվող զինատեսակից աշխատել են նաև դիպուկահարներ, ովքեր հստակ կրակել են բնակելի տների վրա: Արդյունքում մեկ տուն է վնասվել, մեկ մեքենա ու գյուղի գազատարից մի հատված.

«Գազի հարցը արագ լուծվեց: Ընդամենը մի կես ժամով անջատեցինք, վերանորոգեցինք ու հիմա գազ ունենք»,- ասաց Սողոյանը:

Վերջում էլ ևս մեկ անգամ խնդրեց Երևանում խուճապ չստեղծել:

«Հա, կրակել են, հա, հիմա էլ երաշխիք չկա, որ գիշերը խաղաղ կանցնի, բայց հենա` գյուղի ջահելությունը գյուղամեջում կանգնած ա: Մենք սովոր ժողովուրդ ենք»,- ասաց գյուղապետը:

Նշեմ, որ ըստ որոշ տեղեկությունների` կրակոցներ կան նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ:

Աստված տա, գիշերը խաղաղ անցնի: Իսկ վաղը մեզ մոտ` մայրաքաղաքում, կրկին նախընտրական հերթական օրը կլինի` իր հայտարարություններով, ասուլիսներով ու կոչերով:

Սահանին այդ կոչերի մասին դժվար թե իմանան` հեռուստացույցի լույսն այստեղ ավելորդ վտանգ է:
 

Չինարիի գյուղապետ. Գյուղի ջահելությունը հենա` գյուղամեջումն ա