«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել օդանավակայանի բացում»
12/02/2013 21:03

«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել օդանավակայանի բացում»

«Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը»,- այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Թբիլիսիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից

Շարունակելով խոսքը՝ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ:

Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:
Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Դուք գիտեք, որ համանախագահները նաև նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:

Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ:Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին»:

«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել օդանավակայանի բացում»