.jpg)
Հայրիկյանը` միասնական թեկնածուի մասին. Never say never
Չեմ հասկանում, գուցե նախանձից, կամ չգիտեմ էլ ինչից դրդված մարդիկ այս պահին անդրադառնում են ոչ թե իմ կոչի բովանդակությանը, այլ կոչ անելու ձևին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
«Գիտնական մարդը վերցնում է իմ դիմումը և չի խոսում դրա բովանդակության մասին, չեմ հասկանում դու գող ես, թե ավազակ, որ վախենում ես հրապարակային գործելուց, սա ինչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է»,- ասաց Հայրիկյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր երկու թեկնածուներին իր արած միանալու կոչին:
Հայրիկյանը լրագրողների հետ իր հանդիպումը սկսեց` մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի այն խոսքերը, թե Հայրիկյանը ընդդիմություն չէ և որ հրապարակայնացրել է երեք թեկնածուների միջև` Հայրիկյան-Բագրատյան-Հովհաննիսյան, տարվող գաղտնի խոսակցությունները. «Դու ով ես, որ ես քո հետ ժողովրդից գաղտնի խոսակցություն ունենամ»,- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով որ հրապարակային բաց նամակից առաջ բազմիցս զանգահարել է նույն կոչով, բայց նրանք ժամանակ չգտնելու պատճառով իր հետ խոսել են միայն հպանցիկ և շարունակել քարոզարշավը:
«Ես հասկացա, որ ժամանակի սղության հարց կա, ՍԴ` իմ դիմում ներկայացնելը հենց ժամանակ շահելու միջոց էր: Մտածում էի, որ դիմումը կարող եմ 3 օրից նոր հետ վերցնեմ, ներկայացնելու պահին պարզ դարձավ, որ հետ վերցնելու ժամկետը 24 ժամն է: Սա է իմ փոփոխական պահվածքի պատճառը»,-ասաց Հայրիկյանը:
Նա նաև նշեց, որ, չնայած ամեն ինչին, պատրաստ էր գնալ հաղթական ճանապարհով, պատրաստ է միավորման, անգամ այն մարդու հետ, ով իր հիվանդասենյակում ասում էր, թե դեռ պետք է ճշտել մահափորձ է կատարվածը, թե ոչ. «Բայց մարդիկ հաղթել չեն ուզում, նրանց պարզապես երևալ է պետք»:
«Այս օրերին ես ինձ համար նոր Հրանտ բացահայտեցի, և նա այն մարդն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանից պառլամենտական աթոռ ստանալուց հետո, առաջադրվելուց առաջ, կարող է անգամ չխորհրդակցել նրա հետ»,- ասաց Հայրիկյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ այնուամենայնիվ դեռ հնարավոր է թեկնածուների միավորում, նա պատասխանեց մի ասացվածքով, որն, ըստ իրեն, անգլերեն ավելի լավ է հնչում՝ Never say never: