Թուրքիայում հայ կանանց դեմ  բռնությունների պատասխանատուն իշխանությունն է
12/02/2013 13:46

Թուրքիայում հայ կանանց դեմ բռնությունների պատասխանատուն իշխանությունն է

Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող բռնությունների ու սպանությունների,  հայահալած քաղաքականության գլխավոր պատասխանատուն ամենաառաջին հերթին Թուրքիայի իշխող ուժն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա կիսում է այն տեսակետը, որ Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող հալածանքները կապված են Ցեղասպանության 100-ամյա  տարելիցի հետ: Մանոյանը նշեց, որ Թուրքիայի հայաշատ համայնքներում, տարբեր փողոցներում ավելացել է Էնվերի և Ցեղասպանություն իրականացրած այլոց արձանների, նրանց անունները կրող փողոցների թիվը:

Շարունակելով խոսքը` Կ. Մանոյանն ասաց, որ նման բռնություններին արձագանքեց միայն ոստիկանությունը,  իսկ իշխանությունը ոչ մի բառ չասաց այդ մասին. «Պարզ է, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է հանցագործներին բացահայտելու համար, բայց կարևորն այստեղ իշխանությունն է, որը ոչ մի կերպ չի արձագանքում դեպքերին»,- ասաց Կ. Մանոյանը` հավելելով, որ այս ամենը ոմանք կապում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իշխանության հովանավորությամբ ստեղծվող հակահայ մթնոլորտի հետ: 

Կ.Մանոյանը մշեց, որ պետք է պարբերաբար բարձրաձայնել խնդիրը և թույլ չտալ, որ նման դեպքերը շարունակական բնույթ կրեն. «Պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք: Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, և մենք չպետք է լռենք»,- ասաց Մանոյանը` օրինակ բերելով, որ Հրանտ Դինքին մեղադրող մարդն այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպան:

 

Թուրքիայում հայ կանանց դեմ բռնությունների պատասխանատուն իշխանությունն է