.jpg)
Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարեցման առումով առաջընթացն ակնհայտ է
Այսօր Մոսկվայի տանը կայացել է Նա/Նե ամենամյա լրագրողական 5-րդ հոբելյանական մրցույթի մրցանակաբաշխությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Բրիտանական դեսպանության քաղաքական գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը նշեց, որ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը պատրաստ է սատարել մրցույթին ներկայացված յուրաքանչյուր դրական պատմության:
«1919 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատում էր առաջին կին պատգամավորը, այժմ այնտեղ աշխատում են 144 կին պատգամավորներ: Սա ցույց է տալիս 93 տարիների ընթացքում կանանց պայքարի արդյունքը: Իհարկե, անելիքներ շատ կան տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարեցման ոլորտում, սակայն առաջխաղացումն ակնհայտ է»,- ասաց նա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը նշեց, որ ներկայացված մոտ 300 աշխատանքներից յուրաքանչյուրը մեծ եռանդ ու ջանք է պարունակել:
Նշենք, որ մրցույթին մասնակցած նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում, և ներկայացնեին քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությունը, ձեռքբերումներն ու նվաճումները:
Ներկայացված 7 անվանակարգերից առաջին մրցանակի համար սահմանված է Նա/Նե արծաթե արձանիկ և 300 հազար դրամ, 2-րդ մրցանակի համար` հավաստագիր և 150 հազար դրամ, 3-րդ մրցանակի համար` հավաստագիր և 75 հազար դրամ: Այս տարի գործընկեր կազմակերպությունները սահմանել են 11 հատուկ թեմատիկ մրցանակներ, որոնց հաղթողները կպարգևատրվեն 100 հազար դրամով: