Ս. Սարգսյան. Ես չեմ քվեարկելու որևէ այլ թեկնածուի օգտին
12/02/2013 21:10

Ս. Սարգսյան. Ես չեմ քվեարկելու որևէ այլ թեկնածուի օգտին

«Հայաստանում դեռ կան դպրոցներ, որոնք վթարային վիճակում են, նույնիսկ` չորրորդ կարգի, և դա մեզ սազական չէ»,- այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով դպրոցներից մեկի տնօրենի այն դիտարկմանը, որ դպրոցներում պետք է փոխել պատուհանները:

«Իրականում մենք շատ խնդիրներ ունենք, և զուտ պատուհան փոխելով՝ ոչինչ չենք լուծելու: Նոր վարկային միջոցներ են անհրաժեշտ, որպեզի Հայաստանի դպրոցների խնդիրները փորձենք լուծել: Եթե բոլոր դպրոցների խնդիրները լուծենք, ես կհամարեմ, որ շատ մեծ գործ ենք կատարել»,- ասաց թեկնածուն, հավելելով, որ հավանական է, որ այս հարցում այս տարվա ամռանը որոշ առաջընթաց կգրանցվի:

Կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ Ս. Սարգսյանը նշեց, որ եթե, իրոք, բարեփոխումները ձախողված լինեին, ապա հայաստանցի աշակերտները չէին հաղթի բազմաթիվ միջազգային մրցույթներում և արտերկրում չէին սովորի: 

Անդրադառնալով իր մրցակիցների ծրագրերին, թեկնածուն նշեց, որ դեռ չի հասցրել դրանց ծանոթանալ, սակայն կուսումնասիրի դրանք ընտրությունից հետո: «Իմ մարտավարության մեջ չի մտնում քննադատելը, և ես չեմ քվեարկելու որևէ այլ թեկնածուի օգտին», - ասաց Ս. Սարգսյանը՝  նշելով, որ եթե դրանցում օգտակար մի բան գտնի, կարելի է իրականացնել, իսկ այն թեկնածուները, որոնց ծրագրերի վրա որոշակի թիմեր են աշխատել, կունենան լուրջ առաջարկներ:

 

Ս. Սարգսյան. Ես չեմ քվեարկելու որևէ այլ թեկնածուի օգտին