.jpg)
Ս. Սարգսյան. Արցախցիները այլևս երբեք չեն լինելու օտարի լծի տակ
«Մեր երկրում շատ անելիքեր կան, ու շատ կարևոր է, որ մարդկանց աչքերից վախը դուրս է եկել, հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ դա, ի տարբերություն մեր հարևան երկրների, մեզ համար սովորական երևույթ չէ: Դրա համար էլ նրանք կոչվում են բռնապետություն»,- այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդկանց աչքերում տեսել է հետաքրքրություն, ուրախություն, նաև կշտամբանք, քանի որ դեռևս անելիքներ ու խնդիրներ կան երկրում:
«Բայց երբեք ու երբեք Հայաստանում որևէ մեկի աչքերում վախվորածություն չեմ տեսել և դրանով ուղղակի հպարտանում եմ: Դա անհրաժեշտ պայման է ապահով Հայաստան կառուցելու համար, եթե քո քաղաքացին ազատ չէ, չի կարող ազատ արտահայտել իր կարծիքը, նա չի կարող սիրել իր պետությունը: Կսիրի իր ընտանիքը, երեխային, բայց հասարակության նկատմամբ վատ տրամադրված կլինի: Ապահով կարող է լինել միայն այն Հայաստանը, որտեղ մարդիկ բացեիբաց քննարկում են իրենց խնդիրները և որտեղ այդ խնդիրները լուծելի են և ոչ թե շահարկելի: Կան մարդիկ, ովքեր քննադատում են ոչ թե նրա համար, որ այդ խնդիրը վերանա, այլ որպեսզի ուղղակի քննադատեն ու ցույց տան, թե իբր կարող են դա անել: Որոշ մարդկանց մոտ դա ինքնակայացման միջոց է, նախագահի հասցեին ինչ-որ ազատ բան ասելը` չհասկանալով, որ դա զուտ ներքին կուլտուրայի խնդիր է: Այո, հեռվից կարող ես քարով հարվածել, բայց արդյոք դա ուժի մասի՞ն է վկայում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքն է պատասխանատու ցանկացած գործընթացի համար, և եթե դրանք չեն զարգանում ցանկալի հունով, ապա պատասխանատուն դարձյալ ինքն է:
Անդրադառնալով Ղարաբաղյան ազատամարտին՝ թեկնածուն ասաց, որ Ադրբեջանի միակ նպատակը Արցախի հայաթափումն էր, արյունահեղությունը:
«Մենք խոսում էինք սահմանադրությունից, սակայն մեզ պատասխանում էին ջարդերով: Հասկանալի է, որ նման երկխոսությունը չէր կարող շարունակվել և 20-րդ դարի վերջում հայ ժողովուրդը չէր կարող կրկնել դարեսկզբի սխալները: Անգամ կործանարար պատերազմը, ցավոք սրտի, Ադրբեջանի համար դաս չեղավ և այս օրերին էլ այդ երկրում օրենք են ընդունում, որը թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել քաղաքացիական օդանավերի նկատմամբ: Այսօր էլ այդ երկրում հանգիստ շրջում է մարդասպանը.... Խոսում եմ այս հարցի մասին ոչ միայն նրա համար, որ այս օրերին նշում ենք այդ շարժման 25-րդ տարեդարձը, այլ նրա համար, որ այս խնդիրը ուղիղ կապված է մեր ծրագրի հետ: Ես համարում եմ, որ ապահով Հայաստանը միայն կարող է լինել Արցախի երաշխիքը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ արցախցիները այսօր չեն վախենում և երբեք չեն վախենալու, քանի որ գիտեն, որ այլևս երբեք չեն լինելու օտարի լծի տակ:
«Արցախի ժողովուրդը որևէ բանով ուրիշներին չի զիջում և ունի նույն իրավունքները, ինչ ունեն չեխերը, սերբերը. այս իրավունքի երաշխավորը հենց ապահով Հայաստանն է և ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը չի կասկածում, որ գոնե այս հարցում մեր կամքն անկոտրում է և ընթացքն անկասելի: Եթե Ադրբեջանի նախագահը առանց խղճի խայթ զգալու հայտարարում է, թե Երևանը իրենց պատմական հողն է, ապա ինչպես բանակցես այդ մարդու հետ, ով առաջին հերթին խաբում է իր ժողովրդին»,- ասաց Ս. Սարգսյանը: