Սերժ Սարգսյան. Դա արդար էր և մենք հաղթեցինք
12/02/2013 20:16

Սերժ Սարգսյան. Դա արդար էր և մենք հաղթեցինք

«Երբ 1988 թ.- ին մեր ժողովուրդը ոտքի կանգնեց, դա շարժում էր, պայքար անարդարության դեմ, պատմական արդարության վերականգնման համար, դա պայքար էր մեր անկախության համար: Դա արդար էր և մենք հաղթեցինք», - այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակությունը պայքարում է ոչ միայն արտաքին, այլև ներքին անարդարության դեմ, իսկ հայրենասեր մարդիկ պետք է  թշնամի դառնան  պաշտոնյաների բոլոր արտոնություններին, անհավասարություններին:

Ս. Սարգսյանն անընդունելի անվանեց այն, որ բացթողումները պայմանավորում են խորհրդային տարիներից ժառանգություն մնացած արատավոր երևույթներով կամ պետականության՝ երիտասարդ լինելու հանգամանքով:

Նրա հավաստմամբ, թեև Հայաստանը չունի նավթագազային և հումքային այլ պաշարներ, բայց պետք է զարկ տա արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության զարգացմանը:

Անդրադառնալով դատական համակարգի կատարելագործմանը, թեկնածուն նշեց, որ դատավորը  պետք է դրսևորի այնպիսի բարձր պրոֆեսիոնալիզմ և անաչառություն, որ նույնիսկ պարտվող կողմը հոգու խորքում համաձայն լինի դատական որոշման հետ:

«Դա հնարավոր է, անհնար չէ: Եթե մենք, իրոք, գործենք միասնաբար, մեր սկզբունքները համարենք ամեն ինչից վեր, եթե միասին որոշենք, ապա չեմ ասում կարճ ժամանականահատվածում կամ մի քանի ամսում, ինչպես ուրիշ թեկնածուներ են ասում, բայց կարելի է հասնել դրան: Նժդեհն է ասում, որ այն ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվի, իսկ մենք՝ ուղղակի հաղթելու ենք», - ասաց նա:


 

Սերժ Սարգսյան. Դա արդար էր և մենք հաղթեցինք