.jpg)
Այս տարի Երևանում ևս 7-8 վերգետնյա անցում կկառուցվի
«Այն գովազդային միջոցները, որ տարիներ շարունակ տեղադրված են եղել (խոսքը մեծ չափերի գովազդային վահանակների մասին է) արդեն աստիճանաբար պետք է փոխարինվեն քաղաքային ֆորմատին համապատասխանող փոքր չափերի գովազդային միջոցներով, վահանակներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։
Նա նշել է, որ սկսվել է բանակցային գործընթացը գովազդային վահանակները տնօրինող ընկերությունների հետ։
«Առաջարկվող տարբերակներից են, օրինակ, էլեկտրոնային գովազդային միջոցները՝ գլանաձև և այլն, քաղաքի կահավորման տարբեր պրակտիկ կիրառում ունեցող պարագաները, ինչպես ժամացույցները, նստարանները, կանգառասրահները և այլն»,- ասել է Արազ Բաղդասարյանը։
Որպես արդիական գովազդային միջոցի օրինակ վարչության պետը մատնանշել է նաև Երևանյան ազդարար անունը կրող հատուկ կրիչները, որոնք մշակութային միջոցառումների ծանուցման համար են նախատեսված։
«Հետամուտ լինելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքականությանը՝ վարչությունը ամենի ինչ արել է, որ համայնք-մասնավոր համագործակցությունը լավ հիմքերի վրա լինի։ Առանց քաղաքային բյուջեն ծանրաբեռնելու, մասնավորի հետ համագործակցությամբ Երևան քաղաքում կատարվել է 500 մլն դրամի աշխատանք։ կառուցվել է 7 վերգետնյա անցում, որտեղ, որպես վճարման միջոց թույլատրվել է ֆինանսավորող կազմակերպության գովազդը: 2013 թվականին նախատեսվում է ևս 7-8 վերգետնյաների կառուցում»,-նշել է Արազ Բաղդասարյանը և հավելել, որ մասնավորի հետ համագործակցությամբ նաև էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն, որոնք ևս մասնակիորեն որպես գովազդակիր միջոց կծառայեն։