.jpg)
Հայաստան-Իրան. Թուրք-ադրբեջանական էքսպանսիան զսպող դաշնակիցներ
Հայ-իրանական հարաբերությունները վերջին տասնամյակի ընթացքում որակական աճ են արձանագրել: Երկկողմ հարաբերություններն այս պահին երկրների ղեկավարների կողմից գնահատվում են որպես եղբայրական և ռազմավարական:
Հայաստանի և Իրանի հարաբերություններում քաղաքական բարձր մակարդակով երկխոսության ֆոնին զարգանում են առևտրատնտեսական, էներգետիկ, մշակութային հարաբերությունները` շարունակելով ընդգրկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ և շերտեր:
Երևանի և Թեհրանի հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական շահերը, այնպես էլ այն օբյեկտիվ իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում`Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող մեկուսացման և շրջափակման քաղաքականության պատճառով:
Վերջին տարիներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերից սկսել են իրականացվել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ծրագիրը, ինչպես նաև՝ 2 երկրների էլեկտրահամակարգերը միացնող ծրագիրը:
Իրանը ցանկանում է բազմազանեցնել իր արտահանման ուղիները հյուսիսային ուղղությամբ և Հայաստանը Հյուսիս-Հարավ ծրագրի, իսկ ապագայում Իրան-Հայաստան երկաթգծի կյանքի կոչման շնորհիվ, կդառնա տարանցիկ երկիր` իրանական ապրանքները դեպի վրացական սևծովյան նավահանգիստներ արտահանելու համար, ինչը Երևանին տարանցման համար ֆինանսական դիվիդենտներից բացի կբերի նաև քաղաքական դիվիդենտներ` կավելացնի Հայաստանի կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կնվազեցնի թուրք-ադրբեջանական մեկուսացման քաղաքականության ազդեցությունը և շանտաժը:
Հայաստանի համար Հյուսիս-Հարավ մայրուղին կարելի է համարել կյանքի ճանապարհ, քանի որ հյուսիսային` վրացական ուղղությամբ հնարավոր խոչընդոտների դեպքում, ինչի փորձը կա 1990-ական թթ.-ի սկզբից և արցախյան գոյամարտի տարիներին, այդ ճանապարհով կարող են իրականացվել արտահանման-ներմուծման հիմնական գործողությունները:
Իրան-Հայաստան նախատեսվող երկաթգծի շինարարության դեպքում Հայաստանը իրանական տարածքով կկապվի Պարսից ծոցի Բենդեր-Աբբաս նավահանգստի հետ և այնուհետև դուրս կգա Համաշխարհային օվկիանոս:
Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների վրա դրականորեն է անդրադառնում նաև Իրանի հավասարակշռված քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը հանգեցնում է Բաքվի ջղաձգումներին և հակաիրանական հայտարարություններին:
Ղարաբաղյան հարցում Թեհրանի քաղաքականությունը բխում է Իրանի աշխարհաքաղաքական շահերից` Իրանի հյուսիսում կայունության պահպանման ցանկությամբ, ինչպես նաև՝ պատերազմի վերսկսման դեպքում Իրանի հյուսիսային այսպես կոչված ադրբեջանաբնակ շրջաններում անջատողական տրամադրությունների աճից խուսափելու շահագրգռվածությամբ:
Իրանը չի ցանկանում նաև տարածաշրջանում տեսնել արևմտյան խաղաղապահ ուժեր`զգուշանալով ղարաբաղյան հարցում խաղաղապահ առաքելության պատրվակով ամերիկյան, արևմտյան ուժերի Հարավային Կովկասում հայտնվելուց:
Հայ-իրանական հարաբերությունների հիմքում բացի առևտրա-տնտեսական շահերի առկայությունից, ընկած է նաև թուրքական գործոնի ազդեցությունը Հարավային Կովկասում զսպելու միավորիչ գործոնը, ինչին ավելանում է նաև Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը` Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ նկռտումների և Իսրայելի հետ ռազմա-քաղաքական դաշինքի ձևավորման պատճառով:
Այսպիսով, Իրանը ցանկանում Հարավային Կովկասում ունենալ դաշնակից, բարեկամ երկիր՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, և այդ նպատակով պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նախագահների, արտգործնախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով:
Երևանը իր հերթին գտնվելով թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական քաղաքականության ազդեցության ներքո և փորձելով նվազեցնել այդ քաղաքականության բացասական ազդեցությունը, զարգացնում է հարաբերությունները հարևան Իրանի հետ`փորձելով օգտվել իրանական էներգետիկ, տարանցիկ, ներդրումային և այլ տեսակի հնարավորություններից` երկրի էներգետիկ-տրանսպորտային անվտանգությունը բարձրացնելու, արտահանման-ներկրման հոսքերը բազմազանեցնելու և Հարավային Կովկասում ուժերի բալանսը պահպանելու քաղաքականության տրամաբանության համատեքստում: