.jpg)
Փորձագետ. Ադրբեջանը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը և հրադադարի պայմանագիրը
Ռուսական «Նիզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատվող զարգացումներին, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին և ադրբեջանական բանակի կողմից անցկացվող զորավարժություններին:
«Ռուսական զորքերի և նրանց դաշնակից հայերի մարտական հնարավորությունների բարձրացումն ու Հայաստանում ռուսական բազայի ամրապնդումն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի մոտակայքում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններով: Հատուկ նշանակության ուժերը և ռուսական 102-րդ ռազմաբազան հայկական զորքերի հետ համատեղ շարժվել են դեպի լեռնային հրաձգարաններ՝ հատուկ զորավարժություններ անցկացնելու համար։ Ադրբեջանի զորքերն այդ ընթացքում կենտրոնացել են շփման գծի Թարթառի հատվածում և լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում։
Պաշտոնական տվյալներով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քայլերը պլանային միջոցառումներ են, սակայն մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը նոր զարգացումներ է ստանում։
Վերջերս Ադրբեջանն սկսել է ակտիվ զորավարժություններ անցկացնել հակամարտության գոտում։ Դրանք հակասում են Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությանն ու ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Ռազմական լեզվով ասած՝ դա ուժի ցուցադրություն է։ Միայն անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանատարությամբ նման զորավարժություններ անցկացվել է երկու անգամ՝ փետրվար և հուլիս ամիսներին։
Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ դրանց ընթացքում օգտագործվում են «ադրբեջանական բանակի կողմից ձեռք բերված ամենաժամանակակից զինատեսակները»։
Եվ հիմա էլ զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ավիացիան, հակահրթիռային պաշտպանությունը, այլև ցամաքային ուժերը։
Զորավարժությունները կտևեն առնվազն մեկ շաբաթից ավելի, սակայն արդեն մարտին Ադրբեջանում, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ուժերի մասնակցությամբ կկայանան համատեղ «Կովկասյան արծիվ- 2013» զորավարժությունները:
Թարթառի զորավարժություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի համար ամենախոցելի վայրում: Տեղանքն այստեղ հարթավայրային է և ձգվում է Ստեփանակերտ-Բաքու ավտոմայրուղու երկայնքով, և այս ճանապարհի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կարևոր օբյեկտներ կան, օրինակ` օդանավակայանը, որը հայկական կողմը մտադիր է գործարկել և որին սպառնացել է հարված հասցնել Ադրբեջանի ռազմական հրամանատարությունը»,- գրում է թերթը։
«Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքն ունի լեռնային ռելիեֆ, որում կազմակերպված է արդյունավետ և էժան պաշտպանություն։ Միայն հարավ-արևելքում, որտեղ հարթավայրային տեղանք է, հայկական կողմը ձևավորել է բազմաէշելոնային խրամատային գիծ և այլ ինժեներական կառույցներ։ Բացառված չէ, որ ադրբեջանական զորքերի զորավարժությունները կապված են հենց Ղարաբաղի բանակի Թարթառի և Աղդամի պլացդարմը ճեղքելու առաջադրանքի հետ»,- նշել է է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը, ով երկար տարիներ ծառայել է Կովկասում։
Ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովի խոսքով՝ կասկած չկա, որ Ադրբեջանը քննարկում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նախագիծը, և չնայած միջազգային հանրությունը դեմ է նման գործողություններին, սակայն տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն հույս ունի կայծակնային ռազմական գործողություններով լուծել իր խնդիրը:
Ըստ նրա՝ պատերազմի վերսկսումն Ադրբեջանի կողմից իրականացված արկածախնդիր քայլ կլինի:
Պոպովն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այս պահին Հայաստանի «Կամհուդ» ուսումնավարժական համալիրում ռուսական 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հետախուզական ստորաբաժանումները հայկական համապատասխան ուժերի հետ համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնք կարող են հատուկ ստորաբաժանման ստեղծման հիմք դառնալ:
Պոպովը վստահ է, որ Ղարաբաղում նոր պատերազմի բռնկման դեպքում այնտեղ ռուս խաղաղապահներ կտեղակայվեն։
«Բացառված չէ, որ խաղաղարար գործողությունը կիրականացվի ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ 2012 թ.-ի սեպտեմբերին կոլեկտիվ պաշտպանության հարցերի շրջանակներում այդ հարցն արդեն քննարկվել է»,- ասել է Պոպովը։