.jpg)
Կարեն Սարիբեկյան. Միջազգային հանրությունն «աչք է փակում»
«Շատ վատ է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները, միաժամանակ ցավալի է, որ միջազգային հանրությունը շարունակում է լռել, աչք փակել նման միջադեպերի վրա»,- Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացված ինտենսիվ կրակը, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր քաղաքականությունը, ինչի արդյունքում անմեղ արյուն է թափվում:
Հարցին, թե, ի վերջո, ինչպե՞ս կանխել հայկական բնակավայրերի ուղղությամբ հաճախակի իրականացվող կրակահերթերը, պատգամավորը նշեց. «Բազմիցս բարձրացվել է սահմանագծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու հարցը, ինչն Ադրբեջանը մերժում է: Նման դեպքերն իհարկե պարզ ցույց են տալիս, թե ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում հետաքննությունների անցկացման առաջարկը: Նա ամեն ինչ անում է լարվածություն մտցնելու համար: Երկրորդ, ադրբեջանական կրակակետերը լռեցնելու մի քանի տարբերակներ կան, թող այնպես չանեն, որ ստիպված լինենք դրանք լռեցնելու ծայրահեղ քայլերի գնալ»: